Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու. Ատոմ Ջանջուղազյան

Սպասելը լավ բան չէ, պետք է մասնակից լինել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Կառավարության ծրագրի ընդունման դեպքում, ի վերջո, քաղաքացին ե՞րբ իր կյանքում դրական տեղաշարժ կզգա։ Հարցին՝ քաղաքացին, բացի ՀԴՄ պահանջելուց, այլ ի՞նչ կերպ կարող է աջակցել տնտեսական հեղափոխությանը, Ատոմ Ջանջուղազանը պատասխանեց՝ աշխատելով։ «Սպասելով, որ մեզ համար կամ մեր փոխարեն մեկ ուրիշը կաշխատի, գործնականում դատապարտված է: Խոսքը վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց»։Հարցին՝ եթե աշխատավարձերը ցածր են, ի՞նչ պետք է անի քաղաքացին, չէ՞ որ պետությունը պետք է խրախուսի աշխատանքը՝ հարկերը նվազեցնելով, աշխատավարձերը բարձրացնելով, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Կարո՞ղ եք պատկերացնել՝ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու՝ եթե հարկերը նվազեցնենք, աշխատավարձերը բարձրացնենք, ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու»։