7 տարվա ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց
Կաշառք ստանալու համար մեղադրվող և 7 տարի ժամկետով դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ «Վերաքննիչ քրեական դատարանն Արմեն Դանիելյանի նախագահությամբ հունվարի 30-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին»,- նշեց պաշտպանը։ Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Իշխան Բարսեղյանը քաղաքացու օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
