Առեղծվածային դեպք «Ծիրանի» ռեստորանի մոտ
Այսօր՝ փետրվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ «Ծիրանի» ռեստորանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքոմ իրենց ձայնին։ Դեպքի վայր են մեկնել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
ՃՈ ծառայողները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոայքի բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Գրիշա Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Ոստիկանները նշված վայրում՝ Opel մակնիշի 35 ZT 157 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Գալստյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: