Ընդդիմության հետ համաձայնության չեն եկել

Որոշում ենք կայացրել, որ խորհրդարանական միջազգային պատվիրակություններում մեծամասնություն պետք է կազմի «Իմ քայլը» դաշինքը: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մակունցը հայտնեց, որ որոշել էին համամասնության ձևաչափը կիրառել, իսկ դրա համաձայն՝ «Իմ քայլը» մեծամասնություն է կազմում: «Այսպիսի որոշում էինք կայացրել, դա ներկայացրել էինք, առանձին դեպքերում փոխզիջման տարբերակին գնում ենք և գնացել ենք: Ինչպես եղել է ԵԽԽՎ-ի ու առանձին պատվիրակությունների պարագայում, բայց եթե մի դեպքում, օրինակ, ԱԺ փոխխոսնակի պարագայում որդեգրում ենք մի սկզբունք, ապա նույն կերպ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան, պիտի որդեգրենք սկզբունք և դրանով առաջնորդվենք, իհարկե, չբացառելով ճկունությունը և առանձին դեպքերում նաև զիջումների գնալը, միևնույն ժամանակ մենք, մեր գործընկերների առաջարկները հաշվի առնելով, առաջարկեցինք, որ բացի համամասնության սկզբունքը կիրառելուց, բոլոր պատվիրակություններում ունենանք ընդդիմադիրների ներկայացվածություն»,- ասաց նա: Հարցին, թե ինչու Սևծովյան տնտեսական համագործակության կազմակերպության և ՆԱՏՕ-ի պատվիրակություններում ընդդիմության ներկայացուցիչներ չկան, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ընդդիմադիր խմբակցությունները որոշ հարցերի շուրջ կոնսենսուսի չեն կարողացել գալ: Մենք առաջարկեցինք ռոտացիոն սկզբունքը, բայց դա ևս մերժվեց»,- ասաց նա: