Ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում, հաղորդում է Panorama.am-ը: ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։ «Ermenihaber.am»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ի դեպ, Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ մանրամասնելով, որ հարցազրույց է տվել Հաջիևին և վերջինս խոստացել է, որ ոչ մի կերպ չի աղավաղի Պողոսյանի խոսքերը։ Հրապարակման մեկնաբանություններում Թևան Պողոսյանը նշել է նաև, որ ադրբեջանցի լրագրողը նպատակ ունի «հասկանալ Հայաստանի հանրային կարծիքը»։ Նշենք, որ Հաջիևը սոցցանցերի իր էջերում Հայաստանում գտնվելու վերաբերյալ որևէ հրապարակում առայժմ չի արել։ «Turan» գործակալությունն այսօր այցի մասին որոշ տվյալներ է հրապարակել։ Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ խմբագիրը Հայաստան է գործոըղվել Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան մարմինների իմացությամբ։ Հաջիևին Հայաստանում ուղեկցում են ասիստենտներ Վրաստանից ու Ռուսաստանից։ Հայաստանում ադրբեջանցի լրագրողը ռեպորտաժներ է պատրաստելու, հարցազրույցներ է անելու տարբեր քաղաքական գործիչների ու փորձագետների հետ։ Ռեպորտաժներում անդրադարձ է կատարվելու ԼՂ կարգավորման հարցին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Նյութերը հրապարակվելու են Turan և Contact լրատվամիջոցներում։ Ի դեպ, Turan-ի խմբագրությունը խնդրում է, որևէ հավելյալ տեղեկատվություն չավելացնել գործուղման նպատակների մասին։