ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոն կորցնելը կարող է լինել մեր իշխանությունների վարած սխալի հետեւանք. Մարուքյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք միշտ ասել են, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելն, այո, կարող է լինել մեր իշխանությունների վարած սխալի հետեւանք: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ասաց նա:
Նրա համոզմամբ այդ պաշտոնը ևս շատ կարևոր է, ավելի կարեւոր է հասկանալ առկա խնդիրները եւ փորձել դրանք լուծել. «Դրանով փորձ է արվում թերագնահատել նախագահությունը կորցնելու հարցը: Փորձ է արվում բովանդակային հարցից շեղել: Ասում են՝ կարեւոր չի ով է նախագահությունում, եկեք խնդիրները լուծենք, բայց եթե ունես նախագահություն ավելի հեշտ կարող ես այդ խնդիրները լուծել: Իսկ երբ նախագահությունը կորցնում ես, ինչո՞ւ ես կորցնում: Նաեւ այդ հարցի վրա է պետք կենտրոնանալ»:
