Ղարաբաղի «կաթսան» եռում է. ինչ են ուզում Մոսկվան ու Վաշինգտոնը Փաշինյանից

Երեկ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն: Նա անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը՝ նշելով. «Իհարկե, քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի թեման, ողջունեցինք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ցանկություն հայտնեցինք, որ այդ հանդիպումները շարունակվեն: Այդ ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները․․․ Առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն, ինչպես ես եմ հասկանում՝ և՛ նախարարների, և՛ առաջնորդների մակարդակով: Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի դրանք բովանդակալից լինեն, իրական արդյունքներ ունենան և առաջընթաց արձանագրեն: Բայց այս պահին չափազանց կարևոր է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի ու հանգիստ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին բնորոշ է այդ հանգստությունը, իրադրության համեմատաբար կանխատեսելիությունը: Պետք է շարունակել այդ ոգով», նշել է Կարասինը: Ապա, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան շարունակել է․ «Այդ առումով միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս․ բոլոր մասնակիցները, եռանախագահներ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը՝ բոլորը համակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն: Իսկ ահա բանակցությունների անցկացումը, քայլերի հաջորդականությունը, դրանց արդյունքը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համար, այդ թեման շատ արդիական է, բայց հարցը պետք է քննարկվի հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»: Օրեր առաջ դավոսյան՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը տևեց մոտ ժամ ու կես և հաջորդեց դրանից ճի՛շտ մեկ շաբաթ առաջ Փարիզում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չորս ժամանոց հանդիպմանը, որի արդյունքում, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների, նախարարները «համաձայնեցին բնակչություններին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ»: Հարցին, թե հնարավոր է, որ այս տարի «ճեղքում» արձանագրվի բանակցություններում, Կարասինը պատասխանեց․ - «Շատ բարդ հարց է դա: Իհարկե, բոլորը կուզենային, որ այս խնդրի լուծման հարցում արագ առաջընթաց արձանագրվեր, բայց պետք է իրատես լինել և հենվել առողջ բանականության և այն բանակցությունների վրա, որոնք առաջին հերթին վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահների օգնությամբ»: Կարծես շղթայական ռեակցիայով՝ նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչն է խոսել ԼՂ խնդրի թեմայով: ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերում հայտնել է. «Այսօր զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգություն, անվտանգության ոլորտում համագործակցություն և ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ակնհայտ է մի բան. Որքան էլ ՀՀ իշխանությունները պնդեն, թե սովորական աշխատանքային պրոցես է, հանդիպումներ են՝ նկատվում է, որ Լեռնային Ղարաբաղի «կաթսան» եռում է: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանից, գոնե այս փուլում, միջազգային հանրությունը քայլեր է ակնակալում: Թեև պաշտոնական Մոսկվան՝ ի դեմ Կարասինի ցույց է տալիս, թե ԱՄՆ-ի հետ հաշտ ու համերաշխ աշխատում են ԼՂ հարցով, այնուամենայնիվ, Վաշինգտոնը, կարծես, մտավախություններ էլ ունի՝ ռուսական կողմից առնչությամբ: Միացյալ Նահանգները ղարաբաղյան խնդիրը դասել է աշխարհում անվտանգությանը սպառնացող մարտահրավերների շարքում՝ չբացառելով Կրեմլի միջամտությունը: Նախօրեին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում ներկայացրել է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական զեկույցը, որտեղ նշվում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մնում է լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման հնարավոր աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»: Ընդ որում՝ Ղարաբաղը միակ հարցը չէ, որտեղ ամերիկյան հետախուզությունը ռուսական կողմի հնարավոր միջամտության սպառնալիք է տեսնում: «Նոյեմբերին ուկրաինական նավերի վրա կատարված ռուսական հարձակումը վերստին ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ է խախտել միջազգային նորմերը՝ հարևաններին ճնշելու և սեփական նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը: - «Նույնիսկ հիմա, երբ Ռուսաստանի տնտեսությունը թուլանում է, Կրեմլը շարունակում է իր արշավը՝ արևմտյան քաղաքական ու անվտանգության կառույցները ջլատելու և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը սասանելու ուղղությամբ»: Սա առավել քան ուշագրավ հայտարարություն է: Ոչ ավել, ոչ պակաս ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը է նման մտավախություն հայտնում ԼՂ հարցով, այն էլ ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում հանդիպմանը: Ղարաբաղն, այսպիսով, հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Բոլորը սպասում են ինչ-որ բանի: Թամար Բագրատունի

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am