Նախազգուշացում
Գլոբալ անվտանգության գլխավոր սպառնալիքը միջուկային զենքի հնարավոր հայտնվելն է ծայրահեղականների ձեռքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովում՝ փոխանցում է BBC-ն։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը ձեռնարկել է հստակ քայլեր՝ ուղղված միջուկային ահաբեկչության կանխմանը, և դեռևս ոչ մի խմբավորում իր տրամադրության տակ չունի զանգվածային ոչնչացման զենք, սակայն առկա է վտանգ, որ այն կհայտնվի ԴԱԻՇ-ի ձեռքում։ «Մենք զգալիորեն կրճատել ենք ռիսկերը, սակայն միջուկային ահաբեկչության սպառնալիք կա»,- ասել է նա։ Դրա հետ կապված՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է պլուտոնիումի և հարստացված ուրանի օբյեկտների հետագա լուրջ պահպանության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ շատ պետություններ արդեն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները միջուկային օբյեկտներում։ Օբաման մեկնաբանել է նաև Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ով առաջարկել էր միջուկային զենք փոխանցել Ճապոնիային և Հարավային Կորեային՝ անվտանգության ապահովման համար։ Օբամայի խոսքով՝ «նման բաների հետ կատակել չարժե»։ Օբամայի խոսքով՝ այդ հայտարարությունները խոսում են այն մասին, որ այդ մարդը քիչ բան գիտի արտաքին կամ միջուկային քաղաքականության մասին։
