Նրան սիրահարվում էին խելահեղ ու խելակորույս

Մեծանուն Հրաչյա Ներսիսյանի որդին էր, ժառանգաբար օժտված դերասանական փայլուն տաղանդով ու նաև բացառիկ խելքով, որ հազվադեպ հանդիպող համադրություն է դերասանական եղբայրության մեջ: Ստացավ ֆիլմերում նկարահանվելու բազում աղաչանք-պաղատանքներ, բայց հրաժարվեց:
Համաշխարհային գրականություն էր դասավանդում Երևանի պետհամալսարանում, և նրա դասերին միշտ ներկա էին ուսանողներ ուրիշ բուհերից, ովքեր փախչում էին իրենց հիմնական դասից, որպեսզի լսեն լեգենդար Լևոն Ներսիսյանին: Ստացավ բազմաթիվ առաջարկ-հորդորներ՝ գիտական աստիճանի ու կոչման... հրաժարվեց: Նա հրաժարվում էր նաև հարցազրույցներից ու իր մասին վավերագրական ֆիլմ անելու բոլոր առաջարկներից:
Հիացմունքի սարսուռ է առաջացնում նրա «հրաժարումը»: Հրաժարումը խաղի այն կանոններից, որոնցով ապրում ենք մենք: Նայում էի երկայնահասակ, ներսիսյանական ձայնով այդ հսկային, եզակիության դրոշմով նրա ռենեսանսյան դեմքին ու ինձ թվում էր, թե լսում եմ նրա ներքին «մեծ քրքիջը» մահկանացուներիս փոքրիկ ձգտումների վրա՝ փող, փառք, համընդհանուր սեր, բարեկեցություն, ծափեր...
Նրան ոչինչ պետք չէր: Նա խնկարկում էր միայն Բաքոսի բագինի առջև: Բաքոսի, որ և՛ թատրոնի աստվածն էր, և՛ գինու: Արվեստ, սեր ու գինի: Անտիգոնեի կենացը... մնացյալն ունայնություն էր ունայնությանց:
Այդ մարդը անառարկելի հեղինակություն էր մտավորական միջավայրում, բայց նա որպես այդպիսին էր ընալվում նաև անծանոթ միջավայրում, առաջին վայրկյանից: Երբ նա ներս էր մտնում մի տեղ, չճանաչողները հազիվ էին զսպում ակամա ոտքի կանգնելու բնազդային մղումը: Նրա մեջ պատկառազդու, շատ ազդու, վախեցնող ու հիպնոտիկ ինչ-որ բան կար: Առինքնող էր, հզոր, արտիստիկ հմայքով, աննկարագրելի էրուդիցիայի տեր, փառահեղ առնական արտաքինով ու մոգական ձգողականությամբ օժտված: Հակասական զգացումներ էր առաջացնում, ինչպես կրակը: Մարդիկ ձգվում էին դեպի նա և զգուշանում: Ռենտգենային բիբեր ուներ, մարդու ներսն էր տեսնում: Պոռթկուն էր, ցասման պահին՝ ահարկու: Նրան չէր կարելի բնութագրել ոչ բարի, ոչ չար: Նա դուրս էր այդ երկվությունից: Նա շատ էր, որպեսզի դրանցից մեկի մեջ տեղավորվեր: Մուրացկանին երբեք կոպեկ չէր տալիս, միշտ թղթադրամ, բայց հետն էլ տիրաբար ավելացնում էր. «Հեռացիր, հայ մուրացիկ պիտի չլինի»:
Երիտասարդ տարիներին նա մեծ խնդիր ուներ, որի դեմն առնել չէր կարողանում: Նրան սիրահարվում էին խելահեղ ու խելակորույս: Եղել են աղմկահարույց դեպքեր, երբ անպատասխան սիրուց որոշ ուսանողուհիներ երակները կտրել են, ինքնասպանության փորձ արել: Քանի՜-քանի անգամ նա ստիպված է եղել բացատրական աշխատանքներ տանել և՛ հուսահատ աղջիկների, և՛ նրանց ծնողների հետ: Ոմանք էլ չդիմանալով սիրո տառապանքին, կիսատ են թողել ուսումը, որ այլևս չտեսնեն նրան:
«Քրմուհին» ֆիլմում Գերագույն քրմի դերը հատուկ նրա համար էի գրել... հրաժարվեց:
Պատերազմի մութ-ցուրտ, ծանր տարիներն էին: Մշակույթի նախարարի հանձնարարությամբ «Կալիգուլայի» թարգմանության հոնորարը տարա նրա տուն: 60-ն անց էր, վատառողջ, մենակ էր ապրում: նախապես զանգեցի, ասացի, որ երկուշաբթի կայցելեմ:
- Միայն ոչ երկուշաբթի:
-Ինչու՞:
- Երկուշաբթին սիրուհիներիս օրն է:
Մտածեցի՝ ինչ լավ է, որ կատակում է, ուրեմն ընկճված չէ: Երբ հանդիպեցինք, ֆիզիկական ցավի պես սուր, զգացի նրան: 80-ականներին, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, դարձյալ զգացել էի այդ անթախիծ, բնական, ասես՝ բնածին մենությունը, բայց այդ օրը առարկայական ձևով զգացի, շոշափելի: Թեև տխուր չէր ու երկար խոսեցինք տարբեր բաներից: Դա մարդու մենություն չէր, տեսակի մենություն էր:
Մի օր հարցրի.
- Մի՞շտ եք խմում:
- Այո, երբ քնած չեմ:
Մի օր էլ համարձակությունս հերիքեց, երկրորդ անգամ հարցրի: Ինչու եմ ասում՝ համարձակությունս հերիքեց, որովհետև նա հիմար հարցի կամ մանր խոսքի համար կարող էր ոչ միայն վռնդել ու ոչնչացնել խոսքով, այլև շռնդալից ապտակել: Մի քանի ռեժիսոր ու գրող գիտեմ, ովքեր վաստակել են նրա ապտակը: Իհարկե, կանանց հանդեպ նա ներողամիտ էր:
- Լինու՞մ են օրեր, երբ չեք խմում, - հարցրի:
- Այո, տարվա մեջ 53 օր ոչ մի կաթիլ:
- Ինչու՞ 53, - զգուշորեն, կես տոնով շարունակեցի:
Կարճ պատասխանեց.
-Որովհետև ոչ՝ 54:
Ողջախոհությունս պահանջեց չշարունակել:
Մանր պարզաբանումներ, մանր խոսակցություններ, մանր փոխհարաբերություններ, մանր զգացմունքներ  չէր հանդուրժում, իսկ էժանագին անկեղծությունը պատժում էր:
Նրա դասախոսությունները չեմ լսել: Մեզ ծանոթացրել է Կարեն Ջանիբեկյանը: Այդ ծանոթությունից հետո նա երբեմն ինձ արժանացնում էր իր հետ խոսելու պատվին, և մի օր որոշեցի նրա մասին գրել: Տպագրվեց ռուսական թերթում: Իրեն չէի ասել: Կարևոր չէր, հաճոյանալ չէի ուզում: Հետո եղան հանդիպումներ՝ պատահական և ոչ պատահական: Հաջորդ հանդիպումների ժամանակ հասկացա, որ չի կարդացել հոդվածը, քանի որ այդ մասին երբևէ որևէ խոսք չասաց: Ոչ մի բառ: Անցան տարիներ: Երկար տարիներ: Իմացա՝ անկողնային հիվանդ է, դիկտոֆոնն առա, գնացի իր տուն հարցազրույցի. մահամերձ մարդու հետ: Երիտասարդական երանելի անմտություն... հիմա չէի անի: 1999թ. նոյեմբերի վերջերն էր: Նոյեմբերի 27-ին մահացավ: Պառկած էր, հյուծված, դժվար էր խոսում: Ինտերվյուն ավարտեցի, կռացա, համբուրեցի լուցկու հատիկներից փոքր-ինչ ավելի հաստ մատները, գնացի դեպի ելքը, ետևիցս ձայն տվեց: Շրջվեցի:
- А кто он на самом деле - неизвестно никому.
Սա այն տողն էր, որով ավարտվում էր ռուսական թերթում տարիներ առաջ տպագրված հոդվածը:
Այսօր էլ՝ «Ով էր նա իրականում՝ անհայտ է»:
Աննա Աղասարյան
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «ԿԻՆՈ+» ամսագրում:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am