Մի շարք պետական պաշտոնյաներ կհրաժարվեն ծառայողական մեքենաներից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը facebook-ի էջում գրառմամբ տեղեկացրել է, որ մի շարք պետական պաշտոնյաներ կհրաժարվեն ծառայողական մեքենաներից: «Հայաստանի վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները. – Հայաստանի փոխվարչապետներ – Վարչապետի աշխատակազմի ղեկավար – ԱԱԽ քարտուղար – Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ – Աշխատակազմի վարչության պետեր – Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր – Վարչապետի խորհրդականներ – Վարչապետի որոշ օգնականներ Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն. – Երկու փոխվարչապետերը – ԱԱԽ քարտուղարը Եվ վերջ Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»,- գրել է նա