Կա բախումների վտանգ. Բրյուսելի իշխանություններ
RTBF հեռուստաալիքը հաղորդում է,որ Բրյուսելի իշխանությունները նախազգուշացրել են շաբաթ օրը Մոլենբեկում ազգայնականների և իսլամիստ երիտասարդների միջև բախումների վտանգի մասին: Ողջ Եվրոպայից աջ ծայրահեղական ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստվում են միգրացիայի և ահաբեկչության դեմ բողոքի զանգվածային ակցիա անցկացնել Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում, որտեղ ապրում է Մերձավոր Արևելքից ժամանած ներգաղթյալների զգալի մասը։ «Չնայած, որ ակցիան արգելել են քաղաքի իշխանությունները, Մոլենբեկի արվարձանի բուրգոմիստրը մտավախություն է հայտնել, որ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար աջ ծայրահեղականներ կարող են հավաքվել Բրյուսելում»,- հայտնել է հեռուստաալիքը: Բուրգոմիստրը կոչով դիմել է Մոլենբեկի երիտասարդությանը՝ «շաբաթ օրը մնալ տներում, հանգստություն պահպանել և խուսափել ազգայնականների հետ բախումներից»:
