Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է հայտնի լրագրող Դմիտրի Ցիլիկինի դին
Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա լրագրող Դմիտրի Ցիլիկինի դին, հայտնում է «Ֆոնտանկա.ռու»-ն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը մահացել է ավելի քան երկու օր առաջ: Նրա մարմնի վրա առկա են դանակի բազմաթիվ հարվածներ: Վերջին անգամ նա հարազատների հետ կապվել է Ռիգա կատարած ծառայողական գործուղումից հետո՝ անցած շաբաթ: Դեպքի վայրում աշխատում են քաղաքի Կալինինսկի շրջանի իրավապահները: Դմիտրի Ցիլիկինը 1990-ականներին գրել է «Час Пик» թերթում, աշխատել է РТР և «Հինգերորդ ալիք» հեռուստաալիքներում և «Էխո Պետերբուրգա» ռադիոկայանում: 2000-ականներին լրագրողը տպագրվել է բազմաթիվ պարբերականներում, այդ թվում՝ «Վեդոմոստիում», «Կոմերսանտում», «Ռոսբալտում», Vogue-ում և Elle-ում:
