Ակամայից ներքաշվում ենք սեռային տարանջատման դիսկուրսի մեջ.Լիլիթ Մակունց
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց,որ յուրաքանչյուրը թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում անկախ դիրքից ու պաշտոնից պետք է առաջնորդվեն միայն ու բացառապես պետական մոտեցմամբ, քաղաքական կամք դրսեւորեն եւ գործեն բացառապես ի շահ հայրենիքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Խմբակցության տղամարդ պատգամավորներին ինչպե՞ս է ղեկավարելու, դժվար չի լինի՞, հարցրեցին լրագրողները,ինչին ի պատասխան նա ասաց. «Կարծում եմ սեռային տարանջատում անելն այս պարագայում մի փոքր ճիշտ չի լինի, քանի որ ակամայից ներքաշվում ենք սեռային տարանջատման դիսկուրսի մեջ։ Կարծում եմ՝ այստեղ կա ընդամենը խմբակցության ղեկավարի լիազորությունների եւ գործառույթների շրջանակ, որում ունեմ որոշակի անելիքներ եւ որոնք պատրաստվում եմ իրականացնել, ինչ վերաբերում է սկզբունքայնությանն ու կամքին, ապա դրա պակաս չեմ զգում, այնպես որ՝ ամեն ինչ կստացվի»։