Օլիգարխը նա է, ով քաղաքական պաշտոնից առաջ մի սեփական կատու չունենալով, պաշտոնի լինելով դարձել է միլիարդատեր

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում Էդմոն Մարուքյանի հետ իր բանավեճին, հայտարարեց.«Բանավեճ է եղել, նա ասել է, ես պատասխանել եմ, իհարկե, սպառված է, հիմա մարդ է, մարդիկ իրար հետ բանավեճ է եղել, ասել ենք, թեման փակել: ԲՀԿ-ն քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժն է»: Հարցին՝ օլիգարխի իր սահմանումը ո՞րն է, Գ.Ծառուկյանը նշեց, որ այն մարդն է, որ քաղաքական պաշտոնից առաջ մի սեփական կատու չունենալով, պաշտոնի լինելով դարձել է միլիարդատեր. «Եթե չգիտեիր, գրանցի մոտդ»: Ծառուկյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից, հայտարարեց նա և հավելեց, որ իր բացակայությունների վերաբերյալ այժմ էլ համապատասխան տեղեկանքները կներկայացնի, իսկ քաղաքացիներն իրենց ուժին են ձայն տվել: «Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ հարց, բայց ես հազար ձևի գործերով զբաղված եմ, որ լիարժեք բոլորը հասցնում ենք»,- ասաց Գ.Ծառուկյանը: Անդրադառնալով ընդդիմություն լինելու-չլինելու խնդրին, Գ.Ծառուկյանը հայտարարեց. «Այսօր ԲՀԿ-ն ժողովրդի ձայն է խորհրդարնում»: Ըստ նրա՝ իրենք հետևողական են լինելու, որ այն ծրագրերը, որ ներկայացրել են քարոզարշավի ժամանակ, այժմ բարձրաձայնեն ԱԺ-ում: