Գազի եւ էլէներգիայի գնի իջեցման առաջարկները չենք մերժել. պարզաբանում

Ամանորին Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը «Ֆեյսբուքի» էջում անդրադարձել էր գազի գնի թանկացմանը: Նա ուշագրավ հայտարարություն էր արել՝ կառավարությունը հանձինս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մերժել է վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված էլէներգիայի ու գազի սակագների հավաստիությունը քննարկող աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները՝ գազի և էլէներգիայի սակագների հնարավոր իջեցման մասին: Araratnews.am-ը կապ հաստատեց փոխվարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ՝ պարզաբանում լսելու: «Որեւէ առաջարկություն չի մերժվել, այլ ընդունվել է ի գիտություն»,- ասաց մամուլի խոսնակը: Հարցրինք՝ իսկ երբ է կառավարությունը կյանքի կոչելու աշխատանքային խմբի առաջարկությունները, Վահան Հունանյանը ասաց. «Այս պահին ավելացնելու ոչինչ չունենք»: Հիշեցնենք՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվող 150 դոլարի փոխարեն հունվարի 1-ից Հայաստանը վճարելու է 165 դոլար: Սակայն սպառողներն իրենց վրա չեն զգա այդ թանկացումը: