«Իսկ դուք երբևէ լսե՞լ եք «Որոգայթ փառաց»-ի մասին»

Կարպիս Փաշոյանի հրապարակումը. «Իսկ դուք երբևէ լսե՞լ եք «Որոգայթ փառաց»-ի մասին: Երևի թե շատերն են լսել, միգուցե դպրոցում էլ մի թեթև վրայով թռել են: Բայց վստահաբար քչերն են հասկանում դրա նշանակությունն ու էությունը: Լավ, հարցն ուրիշ կերպ ձևակերպեմ: Վերջին 600 տարիներին հայկական միջավայրում ստեղծված քանի՞ լուրջ քաղաքական փաստաթուղթ գիտեք: Իմ հաշվարկներով դրանք երեքն են՝ «Որոգայթ Փառացը», Կ. Պոլսի Ազգային սահմանադրությունը և Հայաստանի անկախության հռչակագիրը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության իրավական հիմնասյունը: Անկեղծ ասած ես ուրիշ քաղաքական տեքստ չեմ հանդիպել, կամ էլ դրանք իրենց նշանակությամբ չնչին քաղաքական նշանակություն ունեն: Իսկ գիտե՞ք, թե որտեղ է գրվել «Որոգայթ փառացը»: Այո՛, այո՛, գուշակեցիք, իհարկե Հնդկաստանում, իսկ ավելի կոնկրետ Մադրասում: Այն մարդկանց հայրենիքում, որոնց մարդկային ինչ-որ խմբեր փորձում են վտարել Հայաստանից: Ընդունված կարգ է: Ասում են պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Բայց ես համաձայն չեմ դոգմատիկ այս ճշմարտության հետ: Լավ էլ սիրում է: Առանց «եթե»-ի մենք զրկվում ենք այլընտրանք գտնելու հնարավորությունից: Անցյալի այլընտրանքը ներկայի գաղափարական բազմազանության երաշխավորն է: Այսինքն եթե անցյալը միագույն պատկերենք, ապա ինքնաբերաբար կստեղծենք գորշ իրականություն՝ առանց այլընտրանքի հնարավորության: Մեզ թվում է, թե 19-20-րդ դարերը Հայոց պատմության ամենաողբերգական շրջափուլերն են: Երիցս ո՛չ: Չնայած միլիոնավոր մարդիկ դատապարտվեցին ցեղասպանության, բայց, այնուամենայնիվ հայ իրականությունն ապրում էր ու շնչում, պայքարում էր ու մինչև վերջին շունչը կռվում: Վանի հերոսամարտը ասվածի վառ ապացույցն է: Իմ համոզմամբ Հայոց պատմության ամենաողբերգական շրջափուլը 16-18-րդ դարերն են: Մութ ու ահասարսուռ մի ժամանակաշրջան, երբ հայերը կարողանում էին միայն աղոթել, առևտուր անել ու սպանվել կամ էլ՝ արտագաղթել: Եկեղեցին, Խոջայական կապիտալն ու հեծեծվող գյուղացին: Հենց այդ շրջանում է, երբ քաղաքակրթական զարգացվածության չափազանց բարձ մակարդակ ունեցող, պետականաստեղծ ժողովուրդը մի քանի հարյուրամյակի ընթացքում փոխակերպվեց էթնո-կրոնական պարզունակ հանրույթի՝ Հայկական Վատիկանի՝ Էջմիածնի անզեն, բայց ծանր տիրապետության տակ: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս ստացվեց, որ թուրքմենական, թյուրքական ու պարսկական տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը չանհետացավ պատմության թատերաբեմից, չէ՞ որ ոչնչացման համար կային բոլոր նպաստավոր պայմանները՝ ներքին ու արտաքին: Ներսից այն ինքնաոչնչացվում էր իր իսկ քարացած հետադիմության նահապետական տիղմի մեջ, իսկ դրսից նրան ոչնչացնում էին օտար նվաճողները: Ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչու հայերը այդպես էլ չհեռացան պատմության թատերաբեմից, իսկապես չափազանց լուրջ հարց է, բայց ցավոք սրտի մենք հեռացել ենք պատասխանը գտնելու հնարավորությունից՝ փրկությունը վերագրելով եկեղեցուն ու նահապետական ադաթներին: Սա իհարկե միֆ է, որը դարեր շարունակ կաթացրել են մարդկանց ականջներին՝ աստիճանաբար դրան գիտականության կարգավիճակ շնորհելով: Վերադառնանք «եթե»-ի հիմնախնդրին: 16-18-րդ դարերում բուն Հայաստանը՝ որպես վարչաքաղաքական, տնտեսական ու մշակութային միավոր, ոչնչացված էր՝ անշարժ ու քարացած մի տարածք: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, քանի որ չունենք այն գլխավոր հարցի պատասխանը: Պարզ չէ նաև այն իմաստով, որ հայ ժողովուրդը ամենևին էլ չէր պատրաստվում հեռանալ պատմության թատերաբեմից: Նա պետք է հարություն առներ չգոյությունից, և այդ հարությունը պետք է տեղի ունենար ոչ թե կազմաքանդված ու անշարժացած հայրենիքում, այլ՝ դրսում, այսինքն՝ գաղթօջախներում: Գաղթօջախներն իհարկե մեծ թիվ էին կազմում, բայց խնդիրը քանակի մեջ չէ: Մեծ հաշվով հայ ժողովուրդը երկու անգամ է փկվելու, կենդանության ու ապրելու նշան ցույց տվել՝ առաջինը Հնդկաստանի Մադրասում, իսկ երկրորդը՝ Վենետիկի Սուրբ Ղազարում: Ինչպես ծովում խեղդված մարդն է հանկարծակի կենդանության անզուսպ ճիչ արձակում, այնպես էլ հայ ժողովուրդը որպես օրգանիզմ իր կենդանության ճիչն արձակեց Մադրասում ու Սուրբ Ղազարում: Ի՞նչ կլիներ հայերի հետ, եթե չլինեին Մադրասի խմբակն ու Մխիթարյան միաբանությունը, չգիտեմ, իսկապես չգիտեմ, բայց մի բան հստակ է, որ իրարից անկախ, աշխարհի հակառակ կողմերում մի խումբ մարդիկ գիտակցում էին իրենց պատմական առաքելությունն ու աշխատանքի քաղաքակրթական նշանակությունը: Ղևոնդ Ալիշանը հասկանում էր, որ հայաստանցին կորցրել է հայրենիքի հոգևոր սահմաններն ու ընդհանրապես դրա գիտակցական պատկերը: Նա երբեք չէր եղել Հայաստանում, բայց գծում էր դրա սահմանները: Մադրասում հասկանում էին, որ ստրկացված ժողովուրդը ապստամբության ու ազատագրական պայքարի պետք ունի: Այդ մեծ ճանապարհին նրանք ծրագրեր էին մշակում ու ելքեր փնտրում: Սուրբ Ղազարում գիտակցում էին, որ հայ ժողովրդի ինքնության մեխը հայոց լեզուն է, որը պաշտպանության կարիք ունի: Արդյունքում ստեղծվեց կոթողային այն բառարանը՝ հայերենի անվտանգ գոյության պահապանն ու պաշտպանը: Մադրասում գիտակցում էին, որ բուն հայրենիքում ժողովուրդը ինքնակազմակերպման կարիք ունի և այդ նպատակի համար Հայաստան էին գործուղում Հովսեփ Էմինին, որը Խորենացու Հայոց պատմությունը թևի տակ փորձում էր մարդկանց նախապատրաստել ազատագրական պայքարի: Ցավոք սրտի հայ գյուղացին այլևս ի զորու չէր ճանաչել ո՛չ Խորենացուն և ո՛չ էլ նրա գիրքը: Ինչպես վերևում նշեցինք կապը խզված էր: Միքայել Չամչյանը հասկանում էր, որ հոգևոր հայրենիքի վերականգնման համար անհրաժեշտ է վերակենդանացնել նրա անցյալը, ինչպես ժամանակին արել էր Խորենացին: Հենց այդ նպատակով նա շարադրեց հայ պատմագիտության ամենանշանավոր աշխատություններից մեկը, որից մինչ օրս կառչաց ենք: Մադրասում հասկանում էին, որ հոգևոր հայրենիքի սաղմնավորման համար անհրաժեշտ է քննադատաբար վերաբերվել անցյալին ու դրա հիմքի վրա էլ ստեղծել նոր իրականությունը: Արդյունքում ստեղծվեց «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, որը կասկածի տակ դրեց անցյալի անսխալականությունն ու ճշմարտացիությունը: Վենետիկում վերստեղծվում ու ստեղծվում էր հայկական հոգևոր իրականությունը, իսկ Մադրասում հոգևորն այդ իրավական ու քաղաքական մարմնավորում էր ստանում: Եվ այդ մարմնավորումը հայկական նոր ստեղծվող պետության սահմանադրությունն էր՝ Որոգայթ փառացը՝ հայ իրավական-քաղաքական մտքի խոշորագույն փաստաթղթերից մեկը: Չենք կարող չխոսել նաև մամուլի մասին, որը սկզբնավորվեց հենց Մադրասում: Մամուլը յուրաքանչյուր հանրույթի կարևոր բաղադրիչներից մեկն է, առանց մամուլի կամ էլ ազատ մամուլի բացակայության պայմաններում հանրույթները զրկվում են շնչելու հնարավորությունից: Այո՛, թերթերը թոքերի կարգավիճակ ունեն, քանի որ առանց ներքին տրամախոսության մարդկային խմբերը դատապարտված են կործանման: Թերևս հայ իրականության առաջին տեքստային բանավեճը տեղի է ունեցել հենց Ազդարարի էջերում, որտեղ Շահամիր Շահամիրյանն ու Մովսես Բաղրամյանը բանավիճում էին հայ ժողովրդի ապագայի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ի դեպ հոդվածները ստորագրված են ծածկանուններով: Հիմա նորից վերադառնանք այն հայտնի հարցին, ի՞նչ կլիներ հայ հանրույթի ու ընդհանրապես հայկական իրականության հետ, եթե չլինեին Սուրբ Ղազարն ու Մադրասը: Փաստորեն բուն հայրենիքում մահվան դատապարտված մարմինը վերածնվեց հայրենիքից դուրս: Այն վերստին սաղմնավորվեց, մարմնավորվեց ու վերադարձավ հայրենիք: Կասկածից դուրս է, ինչպես ազգային ազատագրական, այնպես էլ հոգևոր-մշակութային հետագա պայթյունի հիմքում ընկած են հենց Մադրասն ու Սուրբ Ղազարը: Մասնագետներից շատերը պնդում են, թե արդի Հայաստանի հիմքում ժառանգորդության սկզբունքով ընկած են Հայկական մարզը, Երևանի նահանգը, Առաջին Հանրապետությունն ու Խորհրդային Հայաստանը: Ճիշտ են ասում, բայց մոռանում են ավելացնել, որ հոգևոր մշակութային տեսանկյունից արդի հայկական պետությունը ժառանգորդն ու արդյունքն է նաև Սուրբ Ղազարի ու Մադրասի: Աշխարհի տարբեր ծայրերում գոյող տարասեռ իրականություններ, որտեղ իրարից անկախ մարդկային ինչ-որ խմբեր ստեղծում ու սաղմնավորում էին հոգևոր հայրենիքը: Ցավոք սրտի մենք մոռացել ենք Մադրասի ու Սուրբ Ղազարի մասին: Ինչ-որ երկրորդական արժեքներ են շրջապատել ու շրջափակել մեզ: Կիսագրագետ զանգվածները ինքնություն փնտրում են այնտեղ, որտեղ այն պարզապես չկա՝ կենսաբանական միավորների, հետադիմական ադաթների, մոլեռանդ կղերականության, ծակող փշերի ու տատասկի մեջ: Տեքստն այս գրելիս իմ մտքով անգամ չէր անցնի, որ Հայաստանում կգտնվեն հնդիկներին Հայաստանից վտարելու առաջարկներով հանդես եկող մարդիկ: Բայց արի ու տես, որ ամեն ինչ հնարավոր է, պարապ մնացած գորշ զանգվածնեը ընդունակ են ամեն մի ստորության: Այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն այլատյացություն քարոզելու ու ռասիզմի համար: Բայց մինչ այդ տվեք թո՛ղ կարդան Որոգայթ փառացն ու Նոր տետրակը կամ էլ հոդվածներ Ազդարարից: Թող կարդան ու հասկանան, որ հայկական ամենալուսավոր արժեքների մի զգալի մասը ստեղծվել են հենց Հնդկաստանում: Հայաստանը ժողովրդավարական պետություն է: Նրա դռները բաց են բոլոր այն մարդկանց համար, որոնք պատրաստ են ապրել մեր պետության օրենքներով»:

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am