ԱՄՆ-ն ու մեր տարածաշրջանը. Թուրքիայի դերը մեծանում է

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կմեկնի Իսրայել և Թուրքիա: Թվիթերում տեղադրած գրառմամբ, Բոլթոնը հայտնել է, որ «օրակարգում Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի թշնամական կեցվածքին հակազդելու հարցերն են»: Բացի այդ, Բոլթոնը մտադիր է քննարկել «Իսլամական պետություն» զինյալ շարժման հնարավոր վերականգնումը կանխելու ուղիները: Բոլթոնին ուղեկցելու է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Վերջին օրերին նախագահ Թրամփը փոքր-ինչ վերախմբագրել է իր հայտարարությունը Սիրիայից ամերիկյան զորքն արագ դուրս հանելու մասին: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, թե Թրամփն ամեն բան կանի զորքը դուրս հանելուց հետո Թուրքիայի բանակի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Քրդական ինքնապաշտպանության ջոկատների բախումները կանխելու համար: Անկարան դրանք համարում է ահաբեկչական ջոկատներ, որոնք պետք է ոչնչացվեն: Գրեհեմի փոխանցմամբ, Թրամփն Անկարային հավաստիացրել է, որ Թուրքիան Սիրիայում կունենա բուֆերային գոտի սեփական շահերը պաշտպանելու համար: Մինչդեռ, Իսրայելին ամերիկյան զորքի դուրսբերումը մտահոգում է այն առումով, որ դրանից հետո Իրանը նորից կփորձի տարածաշրջանում ամրապնդել ներկայությունը և ակտիվ գործունեություն ծավալել: Իսկ Մոսկվայում փորձում են հասկանալ Սիրիայից ամերիկացիների դուրս գալու պատճառը: Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում դեռ վերլուծում են Սիրիայից զորքը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Փորձում ենք հասկանալ դուրս գալու պատճառը, այս հանելուկը դեռ պետք է լուծել», - РИА "Новости" լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իգոր Ցարիկովը: Նա նշել է, որ Մոսկվան ի սկզբանե ապօրինի է համարել Պենտագոնի ներկայությունը Սիրիայում և իր դիրքորոշումն այսօր էլ չի փոխել, քանի որ ամերիկացիները նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունից հրավեր չէին ստացել: «Միաժամանակ, մենք պետք է հասկանանք, թե ինչն է ստիպել Վաշինգտոնին հայտարարել Սիրիայից զինծառայողներին դուրս բերելու մասին, ոչ մի բան հայտնի չէ այդ դուրսբերման պարամետրերի և ամերիկացիների ծրագրած իրական քայլերի մասին», - ասել է Ցարիկովը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին է հայտնեց Սիրիայից զորքը դուրս բերելու մասին: 2 հազար զինծառայողները Սիրիայից կհեռանան երեք ամսվա ընթացքում: Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ՝ Թրամփը մոտ երկու տարի շարունակ մշակել է այդ որոշումը, որի մասին Թվիթերով է հաղորդել: Նա գրել է, թե հիմնական նպատակն էր պարտության մատնել «Իսլամական պետություն» շարժման ջոկատներին, և դա արդեն իրականացվել է: Թրամփն «Իսլամական պետության» վերջնական ջախջախումը որոշել է վստահել Թուրքիային և այդ հարցը հեռախոսով քննարկել է իր թուրք պաշտոնակցի հետ: «Պարոն Թրամփն ինձ հարցրեց՝ դու կարո՞ղ ես այդ տարածքը մաքրել «Իսլամական պետություն»-ից: Ես ասացի, որ մենք առանց այն էլ դրանով էինք զբաղված և կշարունակենք դա անել, եթե լինի ձեր կողմից անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Ռեջեփ Էրդողանը և անդրադարձել բուն դուրսբերման թեմային: «Արդյո՞ք ամերիկացիների դուրսբերումն արդեն մեկնարկել է: Այո, և հիմա մեր խնդիրն է առողջ վիճակում պահել մեր դիվանագիտական հարաբերությունները», - ասել է Թուրքիայի նախագահը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը վերջերս հրաժարական է ներկայացրել: Դիմումի պատճառներից մեկը Մաթիսի անհամաձայնությունն էր Սիրիայից զորքը դուրս բերելու և մրցակից գերտերություններ Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ հարկ եղած չափով կոշտ քաղաքականություն չիրականացնելու հանգամանքներին: Միաժամանակ սիրիական բանակը լիակատար վերահսկողություն է հաստատել Հալեպից մոտ 85 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջ քաղաքի նկատմամբ, որը երկար ժամանակ զբաղեցնում էին քրդական զինված խմբավորումները: Սիրիական պետական աղբյուրների փոխանցմամբ, Մանբիջում, այժմ ծածանվում է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: «Սիրիական բանակը Մանբիջ է մտել ի պատասխան բնակիչների հորդորների, ապա նաև երկրի տարածքով մեկ պետական ինքնիշխանությունը վերականգնելու՝ իրենց առջև դրված խնդիրը իրագործելու», - այսօր հայտարարել է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը՝ հավաստիացնելով, որ բանակը ապահովում է ինչպես Մանբիջի, այնպես էլ դրա հարակից շրջանների բնակչության անվտանգությունը: Սիրիական զորքը Մանբիջ է մտել քրդական ինքնապաշտպանական ջոկատների հայտարարությունից հետո, որով վերջիններս կոչ էին անում Դամասկոսին պաշտպանել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից: Սիրիացի զինվորականները վերջին գրեթե վեց տարվա ընթացքում առաջին անգամ են ոտք դնում Մանբիջ: Քաղաքը նախ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ էր, իսկ 2016 թվականից՝ քրդական խմբավորումների, որոնց աջակցում էր Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիան: Սիրիայի հյուսիսում ուժերի հավասարակշռությունը խախտվեց Թրամփի՝ ամերիկյան շուրջ երկու հազար ամերիկացի զինվորականներից կազմված զորքը Սիրիայից դուրս բերելու մասին անակնկալ որոշումից հետո՝ ջիհադիստների վերջին հենակետերի ջախջախումը թողնելով Թուրքիային: Անկարան պնդում է, որ քրդերի ներկայությունը, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ, իր սահմանից երեսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջում սպառնալիք է իր անվտանգությանը: Թրամփի հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով սիրիական պատերազմի ընթացքում աջակցում է Սիրիայի ընդդիմադիր զինյալներին՝ հուսալով տապալել Մոսկվայի և Թեհրանի դաշնակից Ասադի վարչակազմը, ժամանակ չկորցրեց: Հայտարարելով ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ քրդական ինքնապաշտպանական ջոկատների վրա հարձակման պատրաստակամության մասին՝ Անկարան վերջին օրերին սկսեց հավելյալ ուժեր ուղարկել Մանբիջ: Էրդողանն արձագանքելով Մանբիջի շուրջ զարգացումներին, հայտարարել է, որ Թուրքիան այդտեղ այլևս անելիք չունի, քանի որ քրդերը լքել են այդ տարածքը: Ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումից անակնկալի եկած՝ քրդական ջոկատները այժմ ստիպված են պայքարել միանգամից երեք հակառակորդի՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների, Սիրիայի կառավարական զորքերի ու թուրքական բանակի դեմ: Հիշեցնենք, որ ավելի քան յոթ տարի շարունակվող սիրիական պատերազմում Դամասկոսի ռազմական դաշնակից Ռուսաստանը ողջունել է Մանբիջի ազատագրումը: Կրեմլը հայտարարել է նաև, որ Սիրիայում հետագա գործողությունները համակարգելու և համաձայնեցնելու հարցերը քննարկելու նպատակով վաղը կհանդիպեն Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները, իսկ գալիք տարեսկզբին՝ Էրդողանն ու Պուտինը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 132 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am