Ծեծկռտուքն ազգամիջյան բնույթ չի կրել, մեղավորները կպատժվեն. Կարագանդայի նահանգապետ

Ղազախստանի Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը ոստիկանության շենքի մոտ հավաքված 200-ից ավելի մարդու հետ հանդիպմանը հայտարարել է, որ հունվարի մեկին «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն: Հաղորդում է Tert.am-ը՝ nur.kz կայքին հղելով, նահանգապետը նաև մանրամասնել է, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը: Նահանգապետարանից ընդգծել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև ու ազգամիջյան բնույթ չի կրել: Հայտնի է նաև, որ Կարագանդայի իշխանությունները հանդիպել են ծեծկռտուքի հետևանքով սպանվածի հարազատների հետ՝ ներկայացնելով քննության ընթացքի որոշ մանրամասներ: Իշխանությունները խոսք են տվել, որ գործընթացը կլինի թափանցիկ և օբյեկտիվ: Ընդհանուր առմամբ, հարուցվել է երկու քրեական գործ՝ «Սպանություն» և «Խուլիգանություն» հոդվածներով: Հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է ութ մարդ, որից յոթն արդեն կալանքի տակ է, մյուսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: