Ամանորյա շքեղ նվեր Պուտինից՝ Փաշինյանին. Առաջին «ծաղիկներ»

Դեկտեմբեր 27-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր կարճատև աշխատանքային այցով։ «Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են` բավական մեծ բովանդակությամբ լեցուն: Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5 տոկոսով», - նշել էր ՌԴ նախագահը: Պուտինը նաև հավելել էր. «Կարծում եմ` դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել: Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը: Մի խոսքով` մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք: Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Բարի գալուստ»։ Փաշինյանն էլ հաստատել էր իր պատրաստակամությունը՝ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, ընդգծելով, որ Հայաստանը դրական է տրամադրված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրմանը: «Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաև մեր միջխորհրդարանական հարաբերությունները: Մենք դրական ենք տրամադրված նաև մեր տնտեսական հետագա հարաբերությունների առումով: Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը: Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների համար բավական մեծ օրակարգ ունենք, և մենք դրական ենք տրամադրված: Վստահ եմ` դրական արդյունքներ կունենանք», ասել էր Փաշինյանը: Այսպես, ավելի վաղ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոնկրետ խոսք չկար գազի գնի շուրջ բանակցություններից, բայց Փաշինյանն ասել էր՝ զրույցի թեմաներից մեկն էլ դա է լինելու: Ինչպես հայտնի է, մինչև սահման 150 դոլարով գազը, ըստ պայմանագրի, հայաստանցիներին պետք է հասներ մինչև այս տարեվերջ։ Հայ-ռուսական պայմանագրի ժամկետը ավարտվում էր, ենթադրվում է, որ կարճ ժամկետներում գազի նոր գնի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Ռուսական բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան Կրեմլում դեկտեմբերի վերջին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը մեծամասամբ «Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ» վերնագրի ներքո։ «Կոմերսանտ»-ը, մասնավորապես, գրել էր, որ մոսկովյան այցից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը երեկ հույս է հայտնել, որ Երևանն ու Մոսկվան կկարողանան համաձայնության գալ գազի գնի շուրջ, նշելով, թե երեկվա բանակցություններում Պուտինն ու Փաշինյանը վերջնական որոշման չեն եկել։ «Կոմերսանտ»-ը նաև հիշում է, որ «Գազպրոմ»-ին ամբողջությամբ պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը Հայաստանում կասկածում են կոռուպցիոն սխեմաներ կիրառելու մեջ։ Գազի շուրջ բանակցություններից մանրամասներ հայտնի չէին, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, միայն ասել էր, թե ռուս-հայկական էներգետիկ համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի, և որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչն ամբողջովին բավարարում է երկրի պահանջարկը։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, անդրադառնալով թեմային, գրել էր, թե այսօր գազի գինը 150 դոլար է սահմանին, Երևանը հուսով էր, որ այն փոքր-ինչ կնվազի և կկազմի 140 դոլար կամ գոնե անփոփոխ կմնա: Մինչդեռ Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին հայկական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը տեղեկացրել է պաշտոնական Երևանին, որ «Գազպրոմ»-ը մտադիր է գազի գինը բարձրացնել մինչև 215 դոլար, գրել էր «Էխո Մոսկվի»-ն՝ հավելելով, թե Հայաստանում սա կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի հետ։ «Հայաստանում գազի գնի շուրջ Մոսկվայի դիրքորոշումը կապում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի հետ։ Եթե Քոչարյանին ազատ թողնեն գրավի դիմաց, ռուսական գազի գինը կմնա նույնը», - գրել էր «Էխո Մոսկվին»: Դեկտեմբեր 31-ին Փաշինյանը հայտնեց գույժը՝ ամանորյա լուրը... «Ես ուզում եմ ձեզ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին: Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ էության կարող ենք ասել, որ եկել ենք լուծման առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Քննարկումների արդյունքը, որպեսզի կարճ ներկայացնեմ, ասեմ հետևյալը. կա երկու օղակ գազի մատակարարման: Մեկը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, և ռուսական Գազպրոմ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը և մյուսը «Գազպրոմ Արմենիայից» դեպի հայաստանյան սպառողներ մատակարարվող գազը: Ըստ էության, ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիան» և «Գազպրոմ» ընկերությունը պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, ըստ էության, այդ գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց Փաշինյանը: Ապա` Փաշինյանը հավելեց. «Ինչո՞ւ հիմա որոշեցի այս ձևով ձեզ դրա մասին տեղեկացնել, որովհետև գիտեմ, որ այդ լուրը հայտնի դառնալուց հետո պետք է շատ քննարկեն, վերլուծեն, ասեն՝ ահա այս լուծման պատճառով մենք որոշակի պարտք ենք կուտակելու, և այդ պարտքի արդյունքում որոշակի ակտիվներ պիտի փոխանցենք նորից Ռուսաստանին և այլն: Ես ուզում եմ նորից ասել, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք լինել չի կարող, խոսքը գնում է հենց ուղիղ այն ամենի մասին, ինչի մասին ես ասացի՝ ուրիշ է հարաբերությունը «Գազպրոմ» ընկերության և նրա դուստր «Գազպրոմ Արմենիայի» միջև և ուրիշ խնդիր է «Գազպրոմ Արմենիայի» և մեր սպառողների հարաբերությունը: Դրանք տարբեր բաներ են: Առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում գնային փոփոխություն տեղի չի ունենա առնվազն որոշակի ժամանակահատվածի համար, կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում մենք նորից կանդրադառնանք: Ընդհանուր առմամբ գազի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու, և մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք, որ մենք սպառողների համար հավելյալ պրոբլեմներ չստեղծվեն: Եվ ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր ես լավատես եմ, որ կարողացանք այդպիսի լուծման գալ»: Այսպես, Փաշինյանը «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող գազի գնի բարձրացման բոթը՝ Նոր տարվա նախաշեմին հայտնելով, այսպես ասած, փորձեց մեղմել իրավիճակը, ասելով, թե հայաստանյան սպառողների վրա այն չի անդրադառնա, իսկ հետագայի համար էլ «կաշխատենք, և մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ հստակ, կանխատեսելի մեխանիզմներ ունենալը»... Եվ ի՞նչ... Ինչպիսի ամանորյա «նվեր»... ՀՀ քաղաքացին ուղիղ չի վճարելու բարձր գինը, բայց պետությունը՝ վճարելու է: Իսկ պետությունն ինչպե՞ս է սովորաբար վճարում... Կամ՝ հարկերի միջով, կամ պարտքերի գոյացման տեսքով, այսինքն՝ երկուսի դեպքում էլ բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է մնում: Հետևաբար, աճպարարություններն ավելորդ են: Ահա, հայ-ռուսական փայլուն, հարթ ու զարգացող հարաբերությունները: Այլ բան է, երբ ընդդիմադիրի կարգավիճակում քննադատում ես իշխանությանը, ապաշնորհ ես համարում՝ ասելով, որ գազի գները չեն կարողանում նվազեցնել, որ այլընտրանքային ուղիներ չեն կարողանում զարգացնել, այլ բան է, որ արդեն իշխանության ղեկին ես, ու քո գործունեության արդյունքում գազի գնի բարձրացում է արձանագրվում: Ըստ ամենայնի՝ սա դեռ հայ-ռուսական հարաբերություններում առաջին «ծաղիկներն» են: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am