ԱՄՆ վարչակազմը Սիրիայից զորքերի դուրսբերման ժամանակացույց դեռ չունի

«Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման ժամանակացույցը ձևավորման փուլում է, այնպես որ այժմ խոսել որոշակի ժամկետների մասին վաղաժամ է: Մենք Սիրիայից զորքերի դուրսբերման հստակ ժամկետներ չունենք: Նախագահը որոշում է կայացրել, որ մենք մեր ուժերը դուրս կբերենք Սիրիայից, բայց դա կարվի մտածված՝ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ համաձայնեցված»,- իրավիճակն այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ուրբաթ օրը կայացած հեռախոսային ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Ukrinform-ը: «Դա արվելու է այնպես, որ դաշնակիցների ու գործընկերների հետ հնարավոր լինի պահպանել ճնշումը ISIS-ի վրա և կանխել «վակուումի առաջացումը» ահաբեկիչների նոր ակտիվացման համար:Մենք չենք պատրաստվում Սիրիայում անորոշ ժամկետով ռազմական ներկայություն պահպանել: Նախագահը որոշում է կայացրել, որ մենք դուրս կգանք, և այժմ մենք ծրագրեր ենք մշակում, թե ինչպես դա անել»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: