«Եվս մեկ, երկրորդ անգամ արդեն կոչ եմ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն օր առաջ վիճարկել ՍԴ-ում». Գագիկ Ջհանգիրյան/տեսանյութ/

«Բնականաբար, այդ դրվագը եղել է. հանգուցային պաշտոնների թեկնածությունների ցուցակ է ներկայացվել երկրորդ նախագահին, բայց դրա մոտիվը չի եղել պաշտոններ ստանալը կամ բաժանելը, որովհետև անձամբ ես երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին հրաժարականի դիմում եմ ներկայացրել իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Մի անգամ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում եմ գրել, որը նա ընդունել է, իսկ 2-րդ անգամ՝ 2000թ. գարնանն եմ ներկայացրել, որը նա չի ընդունել»,- 24TV-ի եթերում, ի պատասխան այն դիտարկման, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում խոսելով 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին, երբ Խորհրդարանում տխրահռչակ Նաիրի Հունանյանի խումբը սպանդ կազմակերպեց, ասել է, որ դեռ զոհերի դիակները չսառած՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ իրեն ցուցակ են ներկայացրել, թե ով՝ ինչ պաշտոն պիտի զբաղեցնի, հայտարարեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ 1998թ. նախագահի հրաժարականից հետո իշխանության մեջ ղարաբաղյան թևը դիսբալանս ուներ, հայաստանյան ներկայությունը սակավ էր, և դա ավելի ընդգծվեց, երբ Հայաստանի նախագահի պաշտոնում տարբեր խարդավանքների միջոցով առաջադրվեց ոչ թե Վազգեն Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը, ու 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանի հետ «Միասնություն» դաշինքը կազմելով՝ Վազգեն Սարգսյանը փորձեց լուծել այդ դիսբալանսի խնդիրը, բայց երկու թևերի մեջ պայքարը, այնուամենայնիվ, գնում էր։ «Երբ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ընդամենը 1-2 ժամ հետո Ազգային անվտանգության նախարարի տեղակալ Գորիկ Հակոբյանը եկավ Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակ՝ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործը ձեռքին, այնտեղ գտնվող բանակային մեր պաշտոնյաների և ոչ միայն նրանց համար, պարզ էր, թե դահլիճում ով էր, և, փաստորեն, այդ անձն առնվազն գտնվել էր անվտանգության մարմինների տեսադաշտում։ Եվ այս իրավիճակում, երբ լարվածությունը հասավ գագաթնակետին, մենք գնացինք Պաշտպանության նախարարություն։ Այստեղ մի կարևոր պահ կա. որևէ մեկը չգիտեր, թե ինչ է լինելու, որովհետև մենք տեղեկություն ունեինք դալիճից, որ Ն. Հունանյանը ինչ-որ դրսի ուժերի է սպասում»,- նշել է նախկին զինդատախազը։ Նա համարում է, որ այդ ցուցակը կազմելու նպատակը երկրի անվտանգությունը հուսալի ձեռքերում տեսնելու համար էր, այլ ոչ թե որևէ պաշտոնից ստանալիք հավանական բարիքների համար։ Լրագրողի այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը նաև ասում է, որ Պաշտպանության նախարարն ապօրինի գործողություններ է կատարել՝ մասնավորապես՝ առանց իր հրամանի զորքը տեղաշարժելով, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դրա համար Ռ. Քոչարյանը պատժել է Վաղարշակ Հարությունյանին՝ նրան աշխատանքից ազատելով ու զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից, ինչի իրավունքը նա չուներ Սահմանադրությամբ։ «Վաղարշակ Հարությունյանը, իհարկե, իրավունք չուներ, առանց գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնելու՝ զորքը տեղաշարժել, ինչի իրավունքը չուներ նաև Միքայել Հարությունյանը 2008թ., եթե հավատանք Քոչարյանի այն պնդմանը, թե ինքը տեղյակ չի եղել դրանից։ Այդ դեպքում ինչո՞ւ նմանատիպ գործողության համար Միքայել Հարությունյանը չզրկվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից ու գեներալ-գնդապետի ուսադիրներից»,- նկատեց Գ. Ջհանգիրյանը։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն մտքին, թե ինքը նախագահ Քոչարյանից խնդրել է իրեն ազատել Ազգային ժողովին հաշվետու լինելուց, որովհետև պատգամավորներն իր վրա ճնշում են գործադրում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դա ճիշտ է, միայն թե՝ բոլորովին հակառակ ուղղությամբ։ «Ինձ սկզբում զանգահարել է Հանրապետության նախագահն ու ասել, թե արդյոք ինձ գլխավոր դատախազը ցուցում տվե՞լ է՝ չգնալ ԱԺ նիստին, ինչին ես ժխտական պատասխան եմ տվել։ Դրանից հետո նա ինձ հրավիրել է նախագահական ու տվել կարգադրություն՝ արգելելով ինձ մասնակցել նիստին ու պատասխանել պատգամավորների հարցերին»։ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ այդ կարգադրության պատճառն այն էր, որ երևի թե պետք չէր, որ պատգամավորներն այդ ամբիոնից լսեին որոշ հարցերի պատասխաններ։ Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք իր վրա՝ որպես «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննական մարմնի ղեկավար, ճնշումներ գործադրվել են, նշելով միայն, որ, եթե վերաբացվի գործի վարույթը, ինքը կխոսի ու կփորձի օգտակար լինել, իսկ այժմ ավելին ոչինչ չի ասի։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն հայտարարության մասին, որ իրենք անպայման հաղթելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), Գագիկ Ջհանգիրյանը հետևյալ կոչն արեց. «Եվս մեկ, երկրորդ անգամ արդեն կոչ եմ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն օր առաջ վիճարկել Սահմանադրական դատարանում, որն ուղղակի պաշտպանական ամբողջ կորպուսին կզրկի որևէ արգումենտից։ Ինչքան էլ այդ Սահմանադրական դատարանը հին իշխանության կողմից ձևավորված լինի, սա ծայրահեղ հակասահմանադրական հրամանագիր է, և չեմ կարծում, որ ՍԴ անդամները չեն ճանաչի դրա հակասահմանադրականությունը»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am