«ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ այդ ավելորդ մշակույթը…». Արայիկ Մանուկյան

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի ունենալու մշակույթի նախարարություն:
Հայաստանը, որի անքննելի այցեքարտը, «բրենդը»՝ եթե կուզեք, և մրցակցային «բրենդը»՝ եթե կուզեք, և միակ մրցակցայինը՝ եթե կուզեք, հարյուրամյակներ շարունակ եղել է ազգային մշակույթը, այլևս չի ունենալու մշակույթի նախարարություն:
Եվ որևէ բացատրություն, որը կտրվի (կամ՝ չի տրվի), թե ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը կցվում որևէ այլ կառույցի՝ նույնիսկ կրթության նախարարությանը (սպորտը թողնենք մեծահոգաբար), ի՞նչ հեղափոխական կամ հետհեղափոխական «ռազմավարություն» կամ «մարտավարություն» է անթեղված այդ որոշման հիմքում՝ անիմաստ է:
Փաստն այն է, որ համաշխարհային մշակույթում ներդրում ունեցող, համաշխարհային քաղաքակրթական տիրույթում ներդրում ունեցող մշակութային երկիրը հրաժարվում է մշակույթի նախարարությունից՝ որպես ինքնուրույն ազգային-պետական ենթակառուցվածքի, այն դեպքում, երբ համաշխարհային քաղաքակրթության մասին լսած պետություններից մինչև դրա ակունքներում կանգնած Ֆրանսիա՝ այսօր ազգային-մշակութային որոնումներում են:
Տասնամյակներ շարունակ մշակութային քաղաքականություն չունենալու և մշակույթի բազում ապաշնորհ նախարարներ ունենալու արդյունքում՝ ավելի ճիշտ՝ հետևանքում, հասարակության մեջ ձևավորվեց այն թյուր տեսակետը, թե մշակույթի նախարարությունն ավելորդ օղակ է, կույրաղիք և այլն:
Անշուշտ, եթե մշակույթի նախարարները հանրահայտ Բորոդինի անվան լարային քառյակից Բորոդինին առանձին լյուքս հյուրանոցային համարով ապահովելու, Կանդինսկուն մոսկվովյան գործուղումից հետ կանչելու, մեդալների ու կոչումների ինտրիգները կառավարելու, «պաշտոնական» մեռելների հոգեհացի ճաշացանկը կազմելու, պետական բյուջեի «ստեղծագործական» փողերը աննպատակ մեջ-մեջ անելու, փողոցային դաշնամուրներ շաղ տալու համար են՝ մշակույթի նախարարության անհրաժեշտություն չկա վստահաբար ու աներկբայորեն:
Բայց անուղղելի «հիմարների» մի տեսակ կա, որ համոզված պնդում է, թե մշակույթի նախարարությունը ազգային-մշակութային քաղաքականություն մշակելու, վարելու, ազգային-մշակութային ռազմավարություն նախագծելու, մարտավարություն ուրվագծելու, դրանում ազգային-մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահպանելու և հասարակություն կերտելուն ծառայեցնելու, ազգային-մշակութային քաղաքականությունը պետության արտաքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության հիմքերում դնելու և արդյունքում՝ այն պետության զարգացմանն ուղղելու, հասարակության առումով՝ «մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք», փիլիսոփայությանը տանելու և նմանատիպ այլ առաքելություններ ունի:
Եթե շարունակելու ենք մշակույթ ասվածը հասկանալ պատկերասրահի «ամենաթանկ կտավը» (մտքի այս գիգանտության հեղինակային իրավունքն ընդգծելու համար են «»-ները) դպրոց առ դպրոց տանելը, «հայտնիների» հետ սելֆիանալը և պրիմիտիվիզմի նոր ուղղության նման դրսևորումները, ուրեմն, երիցս ճիշտ է նախարարությունը որևէ կառույցի կցելը: Նույնիսկ՝ «սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային»:
Երևի այդպես էլ հասկանում ենք, որովհետև մշակույթի նախարարը մասնակցում է ինչ-որ գրաբուսի բացմանը (գրաբուս բացե՞լս որն է), բայց չի մասնակցում Սիրավ մեծանուն երևույթի, 20-րդ դարի ակնառու երևույթի հոբելյանական աննախադեպ ցուցահանդեսի բացմանը, որովհետև գիգանտ երևույթ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի կայացման տապալումը չի անհանգստացնում մշակույթի նախարարությանը և այլն (Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի խնդրին դեռ անդրադառնալու ենք), չնայած, որ սրանք՝ գոնե առերևույթ, աննշան խնդիրներ են այն անգիտակցության հետ համեմատ, որ առկա է ազգային-մշակութային քաղաքականություն երևույթի ընկալման հարցում:
Պետության զարգացման ու հասարակության կառուցման առումով ազգային-մշակութային քաղաքականության հարցում նախորդ տասնամյակներին գումարվեցին նոր Հայաստանի կորուսյալ յոթ ամիսներ ևս:
Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ անհետաձգելի խնդիրներ կան կուտակված մշակութային ժառանգության պահպանման հարցում՝ նյութական և ոչ նյութական: Ի՜նչ խառնիճաղանչ ու հանցավոր խնդիրներ կան ազգային կինոյի, ազգային կինոժառանգության պահպանման, մշակութային մի մե՜ծ, հսկայական ժառանգություն անվերադարձ չկորցնելու հարցում: Ի՞նչ քաղաքականությամբ է հնարավոր ռուսաստանյան տարածքներից ետ բերելու ազգային կինոյի մի հսկայական հարստություն, որը երբևէ դառնալու է աղբանոցի բաժին:
Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ «դարավոր» խնդիրներ են կուտակված ազգային թատրոնի կառավարման հարցում: Այսօր թատերական տարբեր օջախներում պայթում են այն ականները, որոնք թատրոնի կառավարման ժամանակակից մոդելների բացակայության հետևանք են: Իսկ պայթյունները դեռ շատանալու են:
Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ խնդիրներ են կուտակված գրադարանային համակարգում, մշակութային կրթության համակարգում, կերպարվեստի ոլորտում, ժամանակակից արվեստի ոլորտում, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների և մշակութային քաղաքականության համադրության ոլորտում, գրահրատարակչությունում, մեդիայի և մշակութային քաղաքականության հարաբերությունների ոլորտում:
Եթե միայն հասկանայինք, թե ի՜նչ խնդիրներ են կուտակված միջազգային հանրության, Եվրոպական միության հետ Հայաստանի մշակութային հարաբերությունների զարգացման ոլորտում, ի՜նչ անվերականգնելի ժամանակ կորցրեցինք Եվրոպական միության՝ Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հարցում և այլն:
Ես այս խնդիրներին այստեղ խորապես չեմ անդրադառնալու, քանզի դրա բազում փորձեր արել եմ և դրանք մնացել են ձայն բարբառո հանապատի: Ահա դրանցից մի քանիսը՝ ստորև.
Արայիկ Մանուկյան