Արագածոտնի մարզում 06-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ/տեսաշար/
Դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 05 ԼՕ 828 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31–րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Գլխիվայր շրջված ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար դեպքի վայր է ժամանում հատուկ վերամբարձ կռունկով քարշակ- ավտոմեքենա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
