Նիկոլ Փաշինյանը աշխատավարձերի բարձրացման մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր արդյունքներից մեկն է համարում աշխատավարձերի բարձրացումը: «Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեի մեջ մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
