Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը.բանակցությունները շարունակվում են
«Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եղել է զրույց՝ ՌԴ-ից Հայստան գազի գնի մատակարարման ու դրա գնի շուրջ Բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են։ Դեռևս պայմանավորվածություն չի եղել», - լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Հարցին, թե տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։ «Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, նենց չի, որ հունվարից գազ չենք ստանալու», - ասաց Գարեգին Բաղրամյանը։ Ինչ վերաբերում է գազի գնին, վերջինս նշեց, որ այն պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն: «Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։