Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Արա Մինասյանից՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով. Արա Մինասյանի ներկայացուցչի պահանջը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Արա Մինասյանը պահանջ է ներկայացրել, որպեսզի Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։ Այս մասին գրում է iravaban.net-ը։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նշված գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ: Հայցվոր Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը դատարանում ներկայացրեց հայցի հիմքը և առարկան: ԲԿ-ի նախկին տնօրենը Արսեն Թորոսյանից պահանջում է ներողություն խնդրել հետևյալ վիրավորական արտահայտությունների համար, որոնք նա կատարել է ԶԼՆ-ներին տված հարցազրույցներում.

-«…Մենք ստուգում ենք 2016-2017 թթ. և 2018-ի մի մասը, պատկերացրեք՝ եթե ավելի հետ գնանք, ապա այդ գումարները արդեն հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի…», -«…Կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական…», -«Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից», -«…Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել  Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա, վիշապը պետք է գլխատվի…»:
Հայցվոր կողմը պահանջում է նաև Արսեն Թորոսյանին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել հայցվորի ներկայացված հետևյալ փաստացի տվյալները: Նշված արտահայտությունները Արսեն Թորոսյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջի  ուղիղ եթերի ժամանակ: Ըստ Վահագն Գրիգորյանի, 2018 թվականի հուլիսի 27-ին Արսեն Թորոսյանը  ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր է մտել և հայցվորի վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ է կատարել, այն վերնագրել է այսպես. «Տուշոնկեքի մասին»:
-«…Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումները այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն, մենք մինչև հիմա ստանում են հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու վերաբերյալ…», -«…Մինչև հիմա չի դադարում այդ թալանը կամ, այսպես ասած՝ վատնումը:  Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հիմնական բաժինը, 400 միլիոնից ավել, հիմա ասեմ կոնկրետ թիվը, 400 քանի միլիոն, մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի  այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում և 200 հազար դրամի բուժում են ստացել…», -«…8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունակ…», -«…հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից,  տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները  մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց…», -«…Տարիներ շարունակ բժիշկները աշխատավարձ չեն ստացել նորմալ…», -«…Նորից կրկնում եմ, 8000 դրամ հետազոտության փոխարեն 400 միլիոն գանձվել է, ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ…», -«…99 տոկոսով համոզված եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից, բացի այդ…»:
Ի լրումն այս ամենի, հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝  Արսեն Թորոսյանին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից՝ «Օրինական ատկատ, 10 տոկոս փայ այն ընկերությունից, որտեղից գնում ես անում» արտահայտության համար: «Մենք պահանջի մեջ առաջարկել ենք, որպեսզի հայցապահանջի առաջին և երկրորդ մասերում նշված արտահայտությունների համար հերքում տարածել և ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ եթեր դուրս գալու և այդ տեսանյութը նրա պաշտոնական էջում պահպանելու  միջոցով: Իսկ այն գրառումները, որոնք կատարվել են գրավոր, ոչ թե բանավոր, դրանց համար նույնպես ներողություն խնդրել վերոնշյալ ձևով՝ ֆեյսբուքյան էջում գրառում կատարելու միջոցով: Իսկ եթե նրա ֆեյսբուքյան էջով ներողություն խնդրելը կամ հերքում տարածելը ինչ-որ պատճառով անհնար լինի, այդ դեպքում խնդրել ենք ներողությունը խնդրել և հերքումը տարածել առնվազն 1000 տպաքանակ  և ՀՀ-ում սպառում ունեցող որևէ թերթի միջոցով»,- նշեց Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը ներկայացված հիմքերի վերաբերյալ մի քանի հարց ուներ հայցվող կողմին. «Դուք նշեցիք արտահայտությունները, բայց այդ արտահայտությունների մեջ հայցվորի անունը կամ ազգանունը նշվա՞ծ էր, և եթե չէ, ապա Դուք որտեղից եք ենթադրել, որ այդ արտահայտություններն ուղղված են հենց հայցվորին: Ես ուսումնասիրել եմ հայցադիմումը և ինձ մոտ տպավորություն է, որ Դուք ենթադրել եք, որ իմ վստահորդը նկատի է ունեցել հենց հայցվորին: Ես ճի՞շտ եմ հասկացել, Դուք ենթադրե՞լ եք, որ իմ վստահորդը նկատի է ունեցել հենց հայցվորին»: Վահագն Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք վստահ են, որ Արսեն Թորոսյանը նկատի է ունեցել հենց Արա Մինասյանին. «Այո, անուն կամ ազգանուն չի նշվում, դրանք նշելու կարիք էլ չկա: Հայցվորը 2 անգամ շեշտվել է անուղղակի, 1 անգամ որպես բժշկական հաստատության տնօրեն,   դրանից հետո ասվել է, որ հիմա ինքը կներկայացնի փաստեր, որ չասեն, թե աշխատանքից անհիմն են հեռացրել: Ես չեմ կարծում, ողջամտորեն  այդքանից հետո լիներր քննադատություն, որը, օրինակ, ուղղված էր փոխտնօրենին կամ հաշվապահին»,- նշեց Վահագն Գրիգորյանը և մեջբերեց ՄԻԵԴ-ի կողմից նմանատիպ գործով արտահայտած դիրքորոշումը, որի համաձայն, սովորական ընթերցողը պետք է զգա, թե ում վերաբերյալ է տվյալ արտահայտությունը. «Այս դեպքում ակնհայտ է, որ սովորական ընթերցողը զգում է, որ այդ արտահայտությունները ուղղված են հիվանդանոցի նախկին տնօրենի դեմ»: Գևորգ Գյոզալյանը նշեց, որ ինքն էլ է սովորական ընթերցող, սակայն նրա մոտ այդ տպավորությունը չի եղել. «Ձեր այս ասածը հիմնված է ենթադրությունների վրա: Կոնկրետ Արա Մինասյան անուն չի շեշտվել»: Արա Մինասյանի ներկայացուցիչը նշեց, որ ենթադրությունը և անուն-ազգանունի բացակայությունը տարբեր բաներ են. «Այս դեպքում թեև անուն-ազգանունը շեշտված չէ, սակայն կա փաստերի բավարար համակցություն, որից ոչ ենթադրաբար կարելի է եզրահանգում անել, որ ուղղված էին իմ վստահորդի դեմ»,- նշեց Վահագն Գրիգորյանը և հարցրեց նախարարի ներկայացուցչին, թե կարող ենք արձանագրել, որ Արսեն Թորոսյանը պնդում է՝ Արա Մինասյանին նկատի չի ունեցել: Գյոզալյանը նշեց, որ նշված հարցին կպատասխանի առարկությունների ներկայացման ժամանակ և փորձեց Արա Մինասյանի ներկայացուցչից ճտել, որ եթե դատավարության ընթացքում պարզվի, որ Արսեն Թորոսյանը նկատի չի ունեցել Արա Մինասյանին, նրանք իրենց հայցադիմումը հետ կվերցնե՞ն, թե՝ ոչ: «Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Երբ Դուք այդպիսի հայտարարություն կանեք, ես իմ վստահորդի հետ դա կքննարկեմ»,- նշեց Գրիգորյանը: Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդը «լինելով լուրջ անձնավորություն», իրեն թույլ չի տվել անձնապես որևէ մեկին վիրավորել, իսկ զրպարտության մասին այստեղ խոսք լինել չի կարող: «Եթե այստեղ ինչ-որ մեկն էլ իրավունք ուներ զրպարտության հայց ներկայացնելու, դա բացառապես 3-րդ անձը կարող է լինել:  Նշված արտահայտություններում որևէ կերպ չի արծածվում հայցվորի անունը: Իսկ մենք գիտենք, որ իրվաբանական անձը, կազմակերպությունը, ունի կոլեկտիվ՝ 1680 աշխատող, և Արսեն Թորոսյանն ահա այս հիմքն է ունեցել, որ չէր կարող անվանական որևէ մեկին մեղադրել որևէ բանում՝ քաջ գիտակցելով, որ այնտեղ կա ֆինանսական տնօրեն, գլխավոր հաշվապահ և այլն: Այն ենթադրությունները, որոնք արել է հայցվորը, դրանցով հենց ինքն է իրեն թիրախավորել, միայն նա է այդպես ընկալել»,- նշեց Գյոզալյանը: Իր առարկություններում Գևորգ Գյոզալյանը նշեց, որ
  • Արսեն Թորոսյանը անվանական ոչ ոքի չի վիրավորել,
  • Արսեն Թորոսյանը արել է գնահատողական արտահայտություններ կոռուպցիոն դեպքի վերաբերյալ,
  • Այդ գնահատողական արտահայտությունները վերաբերվել են 3-րդ անձի:
Դատարանը կողմերին հարցրեց, թե արդյոք հնարավոր է խնդիրը լուծել հաշտեցման եղանակով կամ արտադատարանական եղանակով: Արսեն Թորոսյանի պաշտպանը չառարկեց, սակայն Արա Մինասյանի պաշտպան Վահագն Գրիգորյանը նշեց, որ ինքը հակված չէ այդ միջոցով վեճի լուծմանը, բայց գտնում է, որ հարցը պետք է քննարկի իր վստահորդի հետ: Վահագն Գրիգորյանը խնդրեց նիստը հետաձգել, սակայն ոչ թե հաշտեցման կամ արտադատարանական եղանակով հարցի քննարկման, այլ պատասխանողի առարկությունները ուսումնասիրելու համար՝ ապացուցման բեռի բաշխման համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2019 թվականի փետրվարի 11-ին: Նյութի աղբյուրը՝ Iravaban.net

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am