Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, և այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաև սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ: «Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք ևս քաջալերված եք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ի պատասխան տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգևորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով և պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում` ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում: «Դա ԵԱՏՄ-ում քննարկվող ամենակարևոր հարցերից  է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով: Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ինչո՞ւ է  ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել,  որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատութան ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարութան  օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև այն ձևավորվել է բոլորին հայտնի միջավայրում և պայմաններում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է և առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբևէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, և ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք: Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա: Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք  է թույլ տանք, որ որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,- շեշտել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am