Մենք պետք է ունենանք ռուսական միջամտությունից զուրկ խորհրդարան. Ա. Սարգսյան

«Մենք պետք է այնպիսի խորհրդարան ունենանք, որը զերծ կլինի արտաքին քաղաքական միջամտությունից, մասնավորապես ռուսական միջամտությունից: Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, իսկ պատերազմներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները: Որպեսզի մեր պետությունը կարողանա հաղթել, մենք բոլորով պետք է մենք դառնանք, և մեր միավորումը հենց այդ իմաստն ունի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք համախմբվել, մեկ ուժ դառնալ և խնդիրներ լուծել: Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը, ներքաղաքական կյանքից խոսելով, բաց են թողել արտաքին քաղաքականը: 2-րդ աշխարհամարտից հետո նորից սկսվել է աշխարհի վերաձևում, և դա չտեսնել ուղղակի հնարավոր չէ: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը, ձևավորենք այն խորհրդարանը, որտեղ հնարավորինս շատ քաղաքական ուժեր լինեն: Մենք պետք է այնպիսի խորհրդարան ունենանք, որը զերծ կլինի արտաքին քաղաքական միջամտությունից, մասնավորապես, ռուսական միջամտությունից»,- նշեց նա: