Ադրբեջանի ՊՆ վարչության ղեկավարին աշխատանքից հեռացրել են
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության սպառազինման ու տեխնիկայի վարչության պետ գնդապետ Յագուբ Ախադովին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից: Պաշտպանության նախարար գեներալ -գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով իջեցվել է նաեւ Յա. Ախադովի կոչումը: ՊՆ վարչության նախկին ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: AzPolitika կայքը պարզել է, որ գնդապետ Յ. Ախադովին աշխատանքից հեռացրել են մարտի 3-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Բաքու կատարած անսպասելի այցից անմիջապես հետո: Այս բոլոր փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ բարձրաստիճան պաշտոնյայի՝ աշխատանքից հեռացումը պայմանավորված է Դ. Ռոգոզինի այցի ու անուղղակիորեն նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների հետ: Կայքի աղբյուրը հայտնել է, որ Յ. Ախադովին հեռացրել են աշխատանքից 3.3 մլն դոլար յուրացնելու փորձի համար:
