Իշխանություն Արցախի փոխարեն. ներկա իշխանության քաղաքականությունը
«Այն քաղաքականությունը, որը վարում է ներկա իշխանությունը Արցախի հարցում, հիմնված է մեկ բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, և շատերին թվում էր, որ դա անփորձությունից է, սակայն ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության հեթական քայլերից էր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականում ներկայացված Դավիթ Շահնազարյանը: «Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի այդ պաշտոնը, իշխանության կողմից ստեր էին, քանի որ վերջին հայտարարությունը, ըստ որի հետաձգվել է այդ հարցի քննարկումը, հետաձգվել է այն պատճառով, որ առայժմ համաձայնության չեն եկել, թե այդ պաշտոնում փոխարինելու է Բելառուսի ներկայացուցիչը, թե գործող տեղակալը»,-ասաց նա: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ: «Երբ եռանախագահները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկա այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է, և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար»,-ասաց նա և նշեց, որ դա արդեն փաստ է: