Հանրապետականների հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում. Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, շտաբի և հարակից, փոխկապակցված անձանց, ինստիտուտների հայտարարությունները վաղուց ադեկվատ չի համարում: Հիշեցնենք, որ ՀՀԿ շտաբի հայտարարության համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի հայտարարություններն անցնում են բոլոր ընդունելի սահմանները։ Այդ հարցով ՀՀԿ-ն հրավիրել է մարդու իրավունքների պաշտպանի ու միջազգային դիտորդների ուշադրությունը։ Վերը նշվածի հետ կապված` միրզոյանն ասաց. «Որևէ հիմք չունեն, կարծում եմ։ Եթե ունեն, ապա թող համապատասխան ընթացակարգերով դիմեն համապատասխան մարմիններին: Էն, ինչ իրանք նկատի ունեն, դա ատելության խոսք չէ: Իհարկե, նախընտրական քարոզարշավները նախընտրական քարոզարշավներ են, որպեսզի լինի մրցակցություն և՛ սեփական դրական կողմերի, առավելությունների մատնանշում ընտրողների աչքի առջև, և՛ նաև ինչու ոչ, մրցակիցների թերությունների մատնանշում»,– ասաց Միրզոյանը։