«Ես ակնհայտ փաստ ունեմ, որ այս իշխանության օրոք կա այն». Արփինե Հովհաննիսյան
«Հանրապետականը, ի տարբերություն այսօրվա իշխանությունների, չի խոսում այն մասին, որ դատական իշխանությունը եղել է անկախ, ոչ մի մջամտություն չի եղել, իրավապահ համակարգը՝ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՀՔԾ-ն չեն զանգել։ Հանրապետականը գոնե «հերոսաբար» այդ մասին չի թափահարում։ ՀՀԿ-ն ընդունում է, որ կառավարման ոլորտում սխալներ եղել են, բայց էսօրվա իշխանություն բացարձակ հայտարարում է, որ անկախ են, էն էլ ինչպես են անկախ, ու հետո հանկարծ տեսնում ենք, որ ոնց որ թե էդպես չի: Ես չեմ բացառում, որ ՀՀԿ-ի օրոք կարող էին գրանցված լինել, այսպես կոչված, «հեռախոսային արդարադատության» դեպքեր, բայց ես ակնհայտ փաստ ունեմ, որ այս իշխանության օրոք կա այն. բոլորն են տեսել։ Հանկարծ թող չթվա, որ ես երեսպաշտություն եմ անում ու ասում եմ, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին սխալներ չեն եղել, բայց մերկապարանոց հայտարարություններ բոլորը կարող են անել։ Ես ասում եմ, որ մենք հիմա էլ ունենք «հեռախոսային արդարադատության» փաստ»,-«Երկիր Մեդիայի» եթերով հեռարձակվող «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում պատասխանելով Դավիթ Սարգսյանի այն դիտարկմանը, թե դատական իշխանությունն այնքան անկախ չէ հիմա, որքան անկախ չէր անցյալ տարի, և Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից նոր իշխանությունների սուր քննադատություններն անլուրջ են ընկալվում, նշեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
