Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը՝ կոկորդիլոսաբուծարանի մասին

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին բնապահպանները հարց ուղղեցին Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու մասին: «Ըստ էության ոչինչ չունենք: Մեզ մոտ չի եկել որևէ նախագիծ: Եթե ենթադրենք, որ լինելու է զբոսայգի, դա շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթաց է, և չի կարող սկսվել առանց փորձաքննական գործունեությունն անցնելու: Չգիտեմ՝ նախաձեռնողները տեղյա՞կ են, թե՞ ոչ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: «Տեղյակ չեն, պարո՛ն նախարար: Ես նամակներ եմ ստացել նախաձեռնողից: Նա չգիտի, թե ի՞նչ է նշանակում՝ շրջակա միջավայրի փորձաքննություն»,-ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: «Քանի որ Արարատի մարզպետն է հայտարարել դրա մասին, մենք նրան տեղեկացրել ենք, որ այդ գործունեությունը ենթակա է փորձաքննության, և առանց դրա չի լինելու»,- նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը: