Համաներման «խերը»

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշում է՝ համաներումից հետո կրկնահանցագործությունների աճ դեռեւս չի նկատվում եւ բացատրում, թե ինչու է շեշտում «դեռեւս»։ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նշանակում՝ «դեռևս»-ը, ու ի՞նչ ժամկետներ է ենթադրում։ «Ցավոք, փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ գրանցվում են կրկնահանցագործություններ։ Արդեն իսկ ունենք երեկ գրանցված անձնական ունեցվածքի գողության դեպք, երբ համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն։ Իհարկե, տա Աստված, որ բոլորն ուղղված լինեն, բայց, կարծում եմ, բոլորի դեպքում չի կարող այդպես լինել, լինելու են մարդիկ, ովքեր նորից հայտնվելու են ՔԿՀ-ներում»,- ի պատասխան՝ ասաց Վալերի Օսիպյանը։ Օսիպյանը կարծում է, որ չնայած շատ են ցանկանում, որ բոլորն ուղղված լինեն, օրինապաշտ քաղաքացիներ դառնան, սակայն չի բացառում լինեն մարդիկ, որոնք կրկին կհայտնվեն ՔԿՀ–ում։