Լիլիթ Մակունցը Կոնստանտին Օրբելյանի հետ տարաձայնությունների մասին
Նոյեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտարարություն էր տարածել՝ կապված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանի հետ, որտեղ նշվել էր, որ վերջինս աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ է զբաղվել և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրել: Անդրադառնալով այդ հայտարարությանը, մշակույթի նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց. «Երբ ես ահազանգ ստացա, որ տեղի է ունենում նման գործողություններ օպերային թատրոնում, անհրաժեշտ համարեցի, որ դրա մասին կատարեմ նաև հրապարակային գրառում։ Օպերային թատրոնի տնօրենի հետ այս թեմայի շուրջ մենք զրուցել ենք, և այժմ հարցը փակված է»,- ասաց Լիլիթը Մակունցը` նշելով, որ Կիրակոսյանն այդ հարցի պատասխանը ստանալու համար գրավոր դիմել է իրենց և ստացել պատասխանը։ Ինչ վերաբերում է օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի անվան շուրջ տեղի ունեցող խոսակցություններին, որ հնարավոր է՝ նա հրաժեշտ տա իր պաշտոնին, նախարարի պաշտոնակատարը բոլոր այդ խոսակցությունները հերքեց. «Ես և պարոն Օրբելյանը տարաձայնություններ չունենք, չգիտեմ՝ այդ խոսակցությունները որտեղից են գալիս»:
