Մոսուլի մոտ խափանել են ԴԱԻՇ-ի փորձերը
Իրաքի անվտանգության ուժերը խափանել են Մոսուլից հարավ գտնվող զորամասերի վրա ԴԱԻՇ-ի զինյալների հարձակումը և ոչնչացրել 32 զինյալ, հայտնում է Alsumaria հեռուստաալիքը: «Նայնավի ազատագրման օպերացիայի հրամանատարությունը խափանել է ԴԱԻՇ խմբավորման հարձակումը Մոսուլ քաղաքից հարավ գտնվող Հարբ ադ Դար գյուղում բրիգադ 15-ի զորամասի վրա»,- հայտնել է աղբյուրը: Նրա տվյալներով` ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 32 զինյալ, որոնցից 17-ը եղել են մահապարտ-ահաբեկիչներ: Մոսուլը, որի բնակչությունը գերազանցում է 600 հազարը, իրաքյան զինվորականների կողմից փաստորեն առանց կռիվների թողնվել է 2014 թվականին: Նրա ազատագրումը Իրաքի բանակի ներկայիս կարևորագույն խնդիրներից է: Իրաքի ռազմական հրամանատարության տեղեկատվական բյուրոն մարտի 24-ին հայտնել է Նայնավ շրջանի ազատագրման օպերացիայի առաջին փուլի գործարկման մասին` վերահսկողություն հաստատելով մի քանի գյուղերում:
