Փաշինյանը կոչ արեց լրջորեն մտածել
Նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անգին է, որի նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում: «Մենք 1 մլրդ դոլարի ջուր ենք օգտագործում, որ ստանանք մոտ 200 մլն դոլարի ձուկ: Երբ արտեզյան ջուրը մենք օգտագործում ենք ոռոգման համար, այդ ջուրը վերադառնում է իր նախնական տեղը: Երբ օգտագործվում է ձկնարդյունաբերության մեջ, դա դրենաժներով գնում լցվում է Արաքս գետը եւ Հայաստանի դուրս է գալիս»,-ասաց նա` կոչ անելով ձկնարդյունաբերողներին լրջորեն մտածել այդ մասին. «Այս ոլորտում պետք են լուրջ ներդրումներ: Մանավանդ կլիմայական այս ժամանակաշրջանում մենք չենք կարող այսպիսի շռայլություն մեզ թույլ տալ»: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Արարատյան դաշտում բազմաթիվ ինքնաշատրվանող հորեր դադարել են գործել, քանի որ ձկնարդյունաբերության արդյունքում արտեզյան ավազանի հորիզոնն իջել է:
