Փետրվարի 31-ը դարձավ լայն քննարկման առարկա, մարտի 1-ի սենսացիոն բացահայտումը՝ ոչ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարության կառուցվածքը շատ է փոխվելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց, որ ուղղորդված են քննադատում նախարարներին եւ այդ քննադատությունն ըստ էության չեն: Վարչապետը տարակուսանք հայտնեց, որ Մարտի 1-ի գործի քննության արդյունքում տեղի ունեցած բացահայտումները նույնքան լայն քննարկման առարկա չեն դառնում, որքան այն հանգամանքը, որ տրանսպորտի նախարարը մեկ անգամ «փետրվարի 31» է ասել. «Ասում են՝ նախարարն ասաց փետրվարի 31, վայ վայ, որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին է խոսում, որեւէ մեկը կանխավարկած ունի, որ տրանսպորտի նախարարը չգիտի՞, որ չկա փետրվարի 31։ Նա ինժեներական միջավայրի ներկայացուցիչներից մեկն է։ Ֆեյք են բացում, ասում՝ կրթության նախարարը տառասխալներով ստատուս է գրում, ֆոտոշոփով սարքում են, մեկը պատկերացնո՞ւմ է, որ գիտությունների թեկնածոըի մասին է խոսքը։ ՀՀԿ–ի կարկառուն ներկայացուցիչն ասում է՝ ինչպես կարելի է մարդուն նշանակել, որը երբեք չի ղեկավարել, բայց ինքը չի հասկանում, որ իրեն ղեկավարել են, բայց ինքը երբեք չի ղեկավարել ու որտեղ էլ դնեն, չի ղեկավարելու։ Ասում են՝ փորձ չունեն, այո իհարկե, կոռուպցիայի փորձ չունեն, ես ուրախ եմ, որ չունեն այդպիսի փորձ։ Այն պաշտոնյան, որը փորձի կոռուպցիայի փորձ ձեռք բերի, ամենախիստ պատժին կարժանանա, որին չեն արժանանա նույնիսկ քյոռնակ կոռուպցիոներները»։
