Պատկերացրեք մի գնացք, որտեղ հավաքել են ամենից անհնազանդներին, խմողներին, կատաղիներին, ու ոչ ոք չգիտի՝ որն ինչի է ընդունակ, ով է «կանաչ», ով՝ «պապ».Ռ.Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան․ «Կյանք Ու Ազատություն» ԼՂՀ և ՀՀ Պաշտոնաթող Նախագահի Ինքնակենսագրական Գիրքը Գլուխ 3 ԲԱՆԱԿ   Ապագայի որևէ ծրագիր չունեի, սպասում էի զորակոչին: Բոլոր ընկերներս ծանուցագիր էին ստացել նոյեմբերի 9-ի համար, ու ես ուզում էի նրանց հետ գնալ՝ հուսալով, որ միասին կծառայենք: Բայց զինկոմիսարիատում իմ մասին մոռացել էին. չէ՞ որ գնացել էի սովորելու, և, ըստ երևույթին, փաստաթղթերս ճանապարհին ուշացել էին: Ստիպված հորս խնդրեցի, որ օգնի: Հայրս զանգեց զինկոմիսարին, որին լավ էր ճանաչում. էսպես ու էսպես, տղաս շտապ, հենց հիմա ուզում է ծառայության գնա: Զինկոմիսարը շա՜տ էր զարմացել. «Առաջին մարդն եք, որ զանգում է ինձ, որպեսզի որդուն արագ բանակ տանեն: Սովորաբար խնդրում են, որ չտանեն կամ ավելի ուշ տանեն»: Նա կատարեց հորս խնդրանքը, ու նոյեմբերի տոներից անմիջապես հետո գնացի բանակ: Ընկա երկաթուղային զորքեր, որոնց գոյության մասին նախկինում չէի էլ լսել: Մտածեցի, որ երկաթգծով, երևի, երկրի մի ծայրից մյուսն ենք գնալու՝ զինվորական առաջադրանքներ կատարելով: Բայց պարզվեց, որ պիտի կառուցենք այդ նույն երկաթգիծը, որով ուրիշներն են տեղաշարժվելու: Շինգումարտակից տարբերությունն այն էր, որ երկաթուղային զորքերում աշխատանքի համար ոչինչ չեն վճարում... Զինվորական ծառայության ռոմանտիկան անմիջապես կորավ: Սկզբում Չերեպովեցի ուսումնական զորամասնն էր: Քաղաքը հիշողությանս մեջ մնաց միայն մետաղաձուլական գործարանի ծխնելույզներով: Մինչև հորիզոնը՝ համատարած ծխնելույզներ, ծխնելույզներ, ծխնելույզներ, և ամեն մեկն իր գույնով է ծխում՝ նարնջագույնից մինչև սև: Ձյուն եկավ, ու հաջորդ օրն արդեն լրիվ գույնզգույն էր՝ ներկված այդ ծխնելույզներից տարածվող մրով: Ուսումնարանում խմբեր էին հավաքվել տարբեր հանրապետություններից, երկրի տարբեր տարածաշրջաններից. մենք՝ ղարաբաղցիներս, այնտեղ տասը հոգի էինք, ու նրանց մեջ ընկերներիցս ոչ մեկը չկար: Ուսումնական զորամասն առանձնահատուկ երևույթ է: Նույն զորակոչի շատ տղաներ հայտնվում են անսովոր պայմաններում, ուր պիտի հասկանան ու զգան, թե ինչ է զինվորական ծառայությունը: Այդ ըմբռնումը մասամբ գալիս է իրար ճանաչելու և ներքին ոչ պաշտոնական հիերարխիայի կառուցման ընթացքում, այն է՝ ով է քնելու երկհարկ մահճակալի ներքևի և ով՝ վերևի հարկում, կամ վերակարգի զույգից ով է պատասխանատու զուգարանների մաքրության համար: Զուգարան մաքրել բոլորովին չէի ուզում: Հենց այստեղ ամբողջ խորությամբ հասկացա Սպինոզայի «Քաղաքական տրակտատի» «բնական իրավունքի» էությունը: Ինքնահաստատման միակ գործիքը բռունցքն էր ու այն գործի դնելու մշտական պատրաստականությունը: Ես լավ մարզավիճակում էի, ազատ ոճի ըմբշամարտով զբաղվելու տարիները շատ տեղին էին, կամքն ու համարձակությունն էլ լիուլի հերիքում էին: Չգիտես որտեղից՝ հանդգնություն ու ագրեսիա հայտնվեցին, որ նախկինում երբեք մեջս չէի նկատել: Շատ շուտով բոլորը սկսեցին ինձ հարգել: Ինտելիգենտ ընտանիքում, խաղաղ քաղաքում, էլիտար բակում մեծացած տղան հանկարծ հայտնվել էր մի իրավիճակում, որտեղ արևի տակ տեղ ունենալու համար դաժան ու անողոք պայքար պիտի մղեր: Ես բախվել էի իրական աշխարհի մի հատվածին, որից պաշտպանված էի մանկության ու պատանեկության տարիներին, և այդ շրջանը կարևոր փուլ դարձավ իմ կայացման համար: Վարքի հմտություններ էի ձեռք բերում անբարյացակամ, երբեմն չափազանց ագրեսիվ միջավայրում: Գուցեև առանց դրանց չկարողանայի հաղթահարել այն փորձությունները, որ ճակատագիրն ինձ համար պատրաստել էր ապագայում: Ուսումնարանից մեզ նախ ուղարկեցին Պուշկինո՝ Լենինգրադի մոտ, հետո՝ Վոլոգդա: Ամենուր նույն պատմությունն էր՝ փոխադարձ ճանաչում ու ինքնահաստատում, բայց դա արդեն ավելի հեշտ էր տրվում: Ընդհանրապես այդպիսի ծառայությունը բանակում դժվար է զինվորական կոչել. ընդամենը մի անգամ եղա հրաձգարանում, ինը փամփուշտ կրակեցի, իսկ մարտական տեխնիկա այդ բոլոր տարիների ընթացքում չեմ էլ տեսել, միայն տրակտորներ ու ինքնաթափներ: Լենինգրադում երկու ամիս ընդհանրապես ազատ կյանք էի վարում: Առաջին ամիսը երեքով աշխատում էինք Պաշտպանության մինիստրության կցավագոնների նորոգման արհեստանոցներում: Հենց արհեստանոցներում էլ մնում էինք, շատ էինք աշխատում, բայց երեկոները լրիվ ազատ էինք: Այդ ժամանակ ամբողջ Լենինգրադը ման եկա մարզահագուստով: Մեր գլխին ոչ մի պետ չկար, միայն՝ թոշակառու պահակը: Մի ամիս էլ Վիբորգին մերձակա զինվորական սովխոզում անցկացրի, որտեղ մենք՝ ութ զինվոր, օգնում էինք գյուղատնտեսական աշխատանքներում՝ մեր զորամասի համար կարտոֆիլ ու բանջարեղեն վաստակելով: Ապրում էինք տեղի ակումբում, ես խմբի ավագն էի. ոչ կանոնադրություն, ոչ շարային քայլ: Այստեղ, ինչպեսև Պուշկինոյում, լարված աշխատում էինք ամբողջ օրը, իսկ երեկոները գնում էինք պարելու, ուր մեծ հաջողություն ունեինք տեղի աղջիկների շրջանում: Վերջին տարին ծառայեցի Մոնղոլիայում՝ Դարխանում ու Էրդենետում: Այնտեղի ծառայությունը շատ էր տարբերվում ստացիոնար զորամասերում իմ տեսածից: Երբ Դերխանից Էրդենետ՝ դեպի Մոնղոլիայի մոլիբդենային հանքավայրերը երկաթգիծ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ, ղեկավարությունը կարգադրեց հատուկ գումարտակ կազմավորել այդ առաջադրանքը կատարելու համար: Երկաթուղային զորքերի յուրաքանչյուր ստորաբաժանում անձնակազմից քվոտաներով մի քանի հոգի պիտի ուղարկեր այդ գումարտակի կազմավորման համար: Ստորաբաժանումների հրամանատարները իրենց «թրաբլմեյքերներից» ՝ մշտապես խնդիրներ առաջացնող զինվորներից ազատվելու համար նրանց լավ բնութագրեր էին տալիս և ուղարկում այդ գումարտակ: Ես այն ժամանակ Վոլոգդայում էի ծառայում, ու ինքս դիմեցի ընդգրկվելու գումարտակում, որի առաջին համարը ընկերս էր: Կոլյան Բրյանսկից էր ու գումարտակի հրամանատարի գլխացավանքը: Անտանելի կռվարար, զինվորական կալանատան մշտաբնակ, ընդ որում՝ կարդացած ու խելացի, նա ղեկավարության համբերության բաժակը լցրել էր տարբեր ատյանների հասցեագրված իր գրագետ բողոքագրերով: Գրում էր անընդհատ, և ամեն բողոքից հետո որևէ հանձնաժողով ստուգման էր գալիս զորամաս: Զորամասի հրամանատարը, իհարկե, կատաղած էր: Հիշում եմ՝ հերթական ստուգումից հետո, առավոտյան ստուգատեսին, կատաղությունից կարմրատակած հրամանատարն ինչպես էր գոռում շարքի առաջ. «Էստեղ մարդ չունենք՝ փոքրիկ հոդված գրի պատի թերթի համար, իսկ էս խ...-ը մի ամբողջ նամակ է շարադրել, ընդ որում՝ անձամբ մինիստրին»: Կարծում եմ՝ մեր հրամանատարը բոլորից շատ էր ուրախացել եղբայրական Մոնղոլիայում կարևոր երկաթգծի շինարարության համար: Եվ ահա մեզ՝ նոր գումարտակը, բարձեցին պլացկարտային գնացք, ու տասը օր շարունակ գնում էինք նշանակման վայր: Պատկերացրեք մի գնացք, որտեղ հավաքել են ամենից անհնազանդներին, խմողներին, կատաղիներին, ու ոչ ոք չգիտի՝ որն ինչի է ընդունակ, ով է «կանաչ», ով՝ «պապ», իսկ առջևում՝ տասը օրվա ճանապարհ: Փոխճանաչումն անմիջապես սկսվեց, այս անգամ՝ գնացքի անիվների թխկթխկոցի տակ: Մեր նոր դասակի հրամանատարին ամբողջ ճամփին միայն երկու անգամ տեսանք՝ գնացք նստելիս ու ժամանելու օրը, արդեն աչքատակի մեծ կապտուկով: Որտեղ էր վաստակել՝ չգիտեմ, բայց երևում էր, որ ամբողջ ճանապարհին դասակի հրամանատարը խմելուց աչք չէր բացել: Պարզվեց, որ սպաներին ու ենթասպաներին էլ են համարյա զինվորների պես ընտրել՝ նրանց, ումից ղեկավարությունն ուզում էր ազատվել: Ճիշտ է, գումարտակի հրամանատար ու քաղղեկ նշանակել էին ուժեղ սպաների, բայց ստիպված էին լուրջ ջանքեր գործադրել այդ գժանոցը կառավարելի դարձնելու համար: Տեղակայման վայր հասանք գիշերով: Շուրջբոլորը՝ լերկ տափաստան, և այնտեղ պիտի բնակություն հաստատեինք: Վրաններ խփեցինք: Ամեն ինչ ստիպված էինք սկսել զրոյից՝ և՛ ինքներս կազմակերպեինք աշխատանքները, և՛ տեխնիկա բերեինք, և՛ կենցաղը կարգավորեինք: Շուրջը՝ հարյուրավոր կիլոմետրերով, ոչ մի բնակավայր, կարելի է մեքենայով երեք ժամ անցնել տափաստանով, և առավելագույնը, որ կտեսնես՝ մեկ-երկու յուրտ կամ անասունների հոտ, ուրիշ ոչինչ: Կյանքի և աշխատանքի այդ բարդ ու խիստ յուրահատուկ պայմաններում մեր գումարտակում միանգամայն այլ, սովորական, ստացիոնար զորամասերից տարբեր հարաբերություններ էին ձևավորվել: Խրախուսանքների ու պատժի համակարգը չէր գործում: Զինվորական կալանատունը հեռու էր՝ Ուլան-Բատորում, գնալու տեղ չկար. շուրջը վայրի բնություն էր: Ամբողջ ժամանցը՝ պտտաձող, զուգափայտեր, մարզագնդերի բարձրացում ու բռնցքամարտի ձեռնոցներ: Սպաների համար դաշտում բիլիարդի սեղան էր դրված, բայց մինչ այն պահը, երբ ավազամրրիկի ժամանակ պտտահողմն այն բարձրացրեց մի հիսուն մետր ու շրխկացրեց գետնին, այնպես, որ լրիվ փշուր-փշուր եղավ: Ներքին հարցերը սովորաբար կանոնադրությամբ չէին լուծվում: Մեր ընկերական եռյակը՝ Գենան՝ Ռիգայից, Կոլյան՝ Բրյանսկից, ու ես, հայտնվեցինք զինվորական հիերարխիայի գագաթին, չնայած բոլորս շարքայիններ էինք: Սպայական կազմի հետ լեզու գտանք. մեր ստորաբաժանումը գերակատարում էր իր առաջադրանքները: Բայց մեզնից անհնար էր դասական կանոնադրային հարաբերություններ պահանջել, ինչպիսիք գործում են, օրինակ, Մոսկվայում կամ Գերմանիայում, որտեղ լավ զորանոցներ կան, կենցաղային պայմաններ, բաղնիք, հստակ օրակարգ, նորմալ սնունդ: Զորանոց ընդհանրապես չունեինք. ապրում էինք վրաններում: Մեր զորամասը երկաթուղագծի շինարարության հետ երեք անգամ տեղափոխվեց, որ ավելի մոտ լինի կառուցվող տեղամասերին: Ամեն անգամ հարկ էր լինում նորից տեղավորվել: Զարմանալի գեղեցիկ վայրեր էին: Իմ աչքին անսովոր, չափազանց ինքնատիպ բնապատկերներ. տափաստանով ձգվող զառիկող լեռներն ընդգծում էին կուսական բնության անծայրածիր տարածությունները: Կլիման այդ վայրերում խիստ չորային է, խստաշունչ. ձմռանը՝ մինչև մինուս երեսունհինգ, ամռանը՝ մինչև քառասուն աստիճան, մայիսին՝ գիշերը, մինուս երեք, ցերեկը՝ պլյուս քսանյոթ: Իսկ մենք՝ երեսուն հոգի, վառարանով ու երկար ծխնելույզով վրանում, որտեղ ձմռանը ներքևի մահճակալին ցուրտ է, վերևի մահճակալին՝ շոգ, ու բոլոր հին ծառայողները երկրորդ հարկում են: Ամռանը միսը մեզ չէր հասնում, փչանում էր ճանապարհին, տափաստանում սառնարաններ չկային: Ամբողջ ամառը պահածոների հույսին չմնալու համար գումարտակի հրամանատարը թույլատրեց ձկնորսների բրիգադ ստեղծել, որի կազմում հայտնվեցի որսորդական հմտություններիս շնորհիվ: Գիշերները ամբողջ զորամասի համար ձուկ էինք որսում Օրխոն ու Սելենգա գետերում, իսկ ցերեկը քնում էինք: Երբեմն այծքաղ էինք խփում՝ տափաստանով մեկ ԳԱԶ-66 մեքենաներով հետապնդելով, չնայած դա չէր խրախուսվում: Այդպես անցավ ամբողջ ամառը: Բանակն ինձ համար լավ դպրոց դարձավ, որի շնորհիվ անգնահատելի կենսափորձ ձեռք բերեցի ու լրջորեն թրծվեցի: Ծառայությունից հետո հարաբերությունները բանակային ընկերներիս հետ երկար չտևեցին: Մեր ճանապարհները բաժանվեցին, իսկ տարածության վրա հաղորդակցվելն այդ ժամանակներում, առանց սոցցանցերի ու բջջային կապի, մեծ ջանքեր էր պահանջում:     Գլուխ 4 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ   Լիմիտչիկը   Բանակից զորացրվեցի դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվա շեմին, ու հենց տոներին հասա տուն: Մինչ այդ, ծառայությունն ավարտելով, արդեն Ստեփանակերտ էին վերադարձել բոլոր տարեկիցներս՝ ընկերներ, համադասարանցիներ, ծանոթներ, բակի նախկին հարևաններ: Համարյա ամեն օրը՝ հեռախոսազանգեր: «Հա՜, արդեն էստեղ ե՞ս: Անպայման հանդիպենք»: Ամեն օր՝ հանդիպումներ. մերթ մեկի հետ, մերթ՝ մյուսի, բոլորի հետ էլ ուզում էի տեսնվել: Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ կյանքումս առաջին անգամ խմելու չափն անցա: Բարեբախտաբար, դա հասկացա, երբ արդեն տանն էի: Մեկուկես ամիսը ակնթարթի պես թռավ: Երբ զորացրվածի տրամադրությունը հանդարտվեց, մտածեցի, թե հետո ինչ եմ անելու: Նախ որոշեցի կյանքս դասավորել Մոսկվայում: Մեկնեցի մայրաքաղաք, տեղավորվեցի քրոջս մոտ՝ Ռեուտովում: Գնացի ՄԷԻ ու տեսա, որ այնտեղ ոչինչ չի փոխվել, վերականգնվելու հույս չկա: Ինստիտուտից հույսս կտրած՝ սկսեցի աշխատանք փնտրել: Ինձ նման մարդկանց՝ մայրաքաղաք եկածներին (նրանց այդ ժամանակ տարօրինակ բառով «լիմիտչիկ» էին ասում կամ, քամահրական, «լիմիտա՛»), մոսկովյան գրանցումով գայթակղելով, մեծ եռանդով հրավիրում էին շինարարություն, «Մետրոշին», գործարաններ, այնտեղ, ուր մոսկվացիները դժկամությամբ էին գնում: Մոսկվան արագ կառուցապատվում էր, ու միշտ աշխատող ձեռքի կարիք կար: Թերթերը լիքն էին հայտարարություններով. «Պահանջվում են-պահանջվում են-պահանջվում են»: Շուտով որպես բանվոր ընդունվեցի ԵԲԿ-11 , «Մուրճ ու Մանգաղ» կայարանից ոչ հեռու: Գաղափար չունեի, թե ինչ է նշանակում ԵԲԿ. ընտրությունը պատահական էր: Ուզում էի շինարարություն գնալ, բայց քույրս մանրամասն ուսումնասիրեց բոլոր հայտարարություններն ու գտավ մեր տնից մոսկովյան չափանիշներով ոչ հեռու այդ ձեռնարկությունը: Կոմբինատը նաև տեղ էր տալիս բնակարանային տիպի հարմարավետ բանվորական հանրակացարանում՝ նորակառույց բարձրահարկում, և այդ հանգամանքը վճռորոշ եղավ:   1. Ռոզին Մարկ - «ԷԿՕՊՍԻ քընսալթինգ»-ի կառավարիչ-գործընկեր: 2. Քահանա, տերտեր՝ Ղարաբաղի բարբառով: 3. Troublemaker – անկարգ, խռովարար (անգլ.) 4. Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան Հակահայ ողորմելի... Հոր գերեզմանը թուրքին հանձնած հակահայ տականք...ԱԽՔ֊ի Արմեն Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է հաստատվել․ Ալիևը՝ Թուրքիայի ԳՇ պետին Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Կադաստրի պետն ու իր աշխատակազմի ղեկավարը դաժան ծեծի են ենթարկել աշխատակցի ամուսնուն Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները Դա զզվելի վարքագիծ է. Մի հավասարվեք նրանց. Շարմազանով Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է․ «Փաստինֆո» Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար Նոր նշանակումներ են կատարվել «Հենց նոր Միքայել Սրբազանը ջախջախեց Փաշինյանի իջեցրած պատվերը»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ եք դուք՝ իմ անձնական օրագրի մեջ եք մտնում․ Միքայել Սրբազան (video) «Մկրտիչ Արզումանյան, որ սրա գիրկն ես քեզ գցում, գերի ես, լա՞վ է»․ Սեյրան Չիլինգարյան (video) Ովքեր կփորձեն իրենց մատերը թաթախել իմ անմեղության մեջ, նրանց տունը կքանդվի․ Միքայել Սրբազան (video) Իրենց ամեն ինչի դիմելու են, մենք էլ ասում ենք՝ մինչև վերջ գնալու ենք․ Դավիթ Ղազինյան (video) ԱԱԾ-ին, Քննչական մարմիններին պետք է դատեն՝ իրենց անգործության համար․ Միքայել Սրբազան (video) Պատվիրատուն էլ գիտի՝ ես անմեղ եմ․ Միքայել Աջապահյան (video) Ստի...Սամվել Կարապետյանից իրենք անասնական վախ ունեն. Դավիթ Ղազինյան (video) Միքայել Աջապահյանն ամբողջությամբ մերկացնում է իր դեմ կարված գործը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am