... Ես չմնացի, ու բանն ավարտվեց կռվով: Խփեցի նրան ու, ինչպես պարզվեց, ուժեղ.Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան․ «Կյանք Ու Ազատություն» ԼՂՀ և ՀՀ Պաշտոնաթող Նախագահի Ինքնակենսագրական Գիրքը Գլուխ 2 ՈՒՍԱՆՈՂ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ   Տասներորդ դասարանում հաստատ գիտեի հաջորդ քայլս՝ գնալու եմ Մոսկվա՝ տեխնիկական բուհ ընդունվելու: Հետոն չէի մտածում. մնացած ամբողջ կյանքը թվում էր մաքուր էջ, որի վրա կարելի է գրել ցանկացած պատմություն: Տեխնիկական բուհ էի ընտրել, որովհետև բնագիտական առարկաներն ինձ շատ ավելի էին դուր գալիս, քան հասարակագիտականները: Մոսկվան՝ որովհետև Ստեփանակերտի միակ ինստիտուտը մանկավարժական էր, իսկ ես ընդհանրապես չէի դիտարկում այդ տարբերակը: Լավ կրթություն ստանալու համար Ստեփանակերտի տղաները առավել հաճախ գնում էին Երևան կամ Մոսկվա: Այլ երկիր ուսման մեկնելն անհնար էր. սահմանները փակ էին, լավագույն կրթությունը Մոսկվայում էր, ուրեմն՝ դեպի Մոսկվա: Տասներորդ դասարանի դպրոցական քննությունները գերազանց հանձնելով՝ հավաքեցի ճամպրուկս ու մեկնեցի մայրաքաղաք: Մոսկվայում ինձ դիմավորեց քույրս. նա և ամուսինը ապրում էին Ռեուտովում: Քննությունների ընթացքում նրանց մոտ էի մնալու: Հաջորդ օրը գնացի փաստաթղթերս հանձնելու Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ, նայեմ՝ ինստիտուտի շուրջը բոլոր սյուները ծածկված են հայտարարություններով՝ կրկնուսույցներն իրենց ծառայությունն էին առաջարկում: Պարզվում է՝ մոսկվացիները լրիվ ուրիշ պատրաստություն էին ստանում: Մեզ մոտ նույնիսկ այդպիսի բառ չկար՝ «կրկնուսո՜ւյց»: Համարվում էր, որ դպրոցում լավ սովորելն արդեն բավարար է: Ուրեմն պետք է պակասը լրացնել: Մինչև քննությունները դեռ ժամանակ կար: Մաթեմատիկայի կրկնուսույց գտա, պայմանավորվեցի ու գլխովին թաղվեցի պարապմունքների մեջ: Այնպես որ, մոսկովյան կյանքիս առաջին շաբաթը որպես շուրջօրյա պարապմունքի մղձավանջ եմ հիշում: Հակառակ անհանգստությանս՝ վատ չհանձնեցի քննություններն ու ընդունվեցի էներգետիկայի ֆակուլտետ: Զանգեցի հորս: Այն ժամանակ բջջային կապ չկար. ուրիշ քաղաք զանգելու համար պիտի գնայիր փոստատուն, զանգ պատվիրեիր, ընդ որում՝ նախապես հեռախոսավարուհուն ասելով, թե քանի րոպե ես խոսելու, ու նստեիր-սպասեիր, որ միացնեն: Լսելով, որ ուսանող եմ դարձել, հայրս ուրախացավ: Չնայած նրա հատուկ զսպվածությանը՝ զգացի՝ հպարտ է, որ որդին սովորելու է մայրաքաղաքում: Միայն հիմա առաջին անգամ բարձրացրի գլուխս ու նայեցի շուրջս: Առաջներում արդեն եղել էի Մոսկվայում, յոթերորդ թե ութերորդ դասարանում, բայց շատ կարճ ուղևորություն էր, ու քիչ բան էի հիշում: Իսկ հիմա Մոսկվան իսկապես տպավորեց լեռնային ոչ մեծ քաղաքից եկած տղայիս. այլ մասշտաբներ են, այլ մթնոլորտ, մետրոն՝ իր ստորգետնյա պալատներով, միանգամայն ուրիշ մարդիկ: Ինձ մոլորված չէի զգում. ուրախանում էի, հպարտանում, վայելում ամառը, օրերով շրջում էի քաղաքում, առնում մայրաքաղաքի շունչը: Աշնանը ինստիտուտում սկսվեցին դասերը: Պարզվեց՝ սովորելը շատ ավելի հեշտ էր, քան կարծում էի, բայց և՝ ոչ այնքան գրավիչ: Գուցե այն պատճառով, որ իմ կյանքում մի շատ հետաքրքիր ու կրթված մարդ էր հայտնվել, իսկական քայլող հանրագիտարան՝ քրոջս ամուսինը, Կիմ Գրիգորյանը: Այդպիսի բազմագիտակ մարդու նախկինում չէի հանդիպել և գուցե մինչ օրս էլ չեմ ճանաչում: Կիմն էլ էր ծնունդով Ստեփանակերտից, ավարտել էր Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը: Կոնստրուկտորական բյուրո էր ղեկավարում մի խոշոր գործարանում: Ես Լեֆորտովոյի ուսանողական հանրակացարանում էի տեղավորվել, բայց համարյա բոլոր կիրակիները Ռեուտովում էի անցկացնում, Կիմի ու քրոջս հետ: Հենց այդ փոքրիկ բնակարանում էլ սկսվեց իմ ոչ պաշտոնական կրթությունը: Երեկոները Կիմի հետ նստում էինք խոհանոցում: Արտասովոր բաներ էր պատմում: Ես մեծացել էի մի ընտանիքում, որտեղ սովետական կարգերի արդարությունն ու արդյունավետությունը կասկածից վեր էին: Սովորական սովետական տղա, կոմունիստի որդի՝ ես կարծում էի, որ ապրում եմ աշխարհի ամենալավ երկրում: Եվ ահա, օրը օրին, երեկոյից երեկո Կիմն ինձ ցույց էր տալիս իրականությունը: Իմացա Ստալինի բռնաճնշումների մասին, իմացա կոլեկտիվացման ընթացքում սովից մահացած միլիոնավոր մարդկանց մասին, իմացա պատերազմից անմիջապես առաջ բանտարկված կարմիր հրամանատարների մասին, իմացա Ստալինի ու Հիտլերի գաղտնի համաձայնության մասին, որով որոշել էին բաժանել Եվրոպան: Կիմը գործուն այլախոհ չէր. պարզապես շատ սթափ էր մտածում և անզիջում քննադատում էր տիրող կարգերը: Միությունում այն ժամանակ քչերն էին հասկանում, թե իրականում որքան սարսափելի էր Ստալինի ռեժիմը, ու նեխած՝ բրեժնևյան ժամանակը: Կիմը, հանձին ինձ, երախտապարտ ու, երևի, հազվագյուտ ունկնդիր էր գտել ու վրաս էր տեղում այդ ամբողջ ճշմարտությունը: Իսկ խոր գիշերով, տևական զրույցներից հոգնած, խլացուցիչների աղմուկի միջով որսում էինք «Ազատություն» ռադիոն կամ ջազ լսում: Կիմը նաև գրքեր էր տալիս: Ո՛չ «սամիզդատ, այլ քաղաքական, փիլիսոփայական, աստվածաբանական գրականություն, բայց դա էլ էր փոխում գիտակցությունը: Ամեն ինչ սկսվեց Սպինոզայի «Աստվածաբանական-քաղաքական տրակտատից»: Մինչ այդ նման բան չէի կարդացել: Շատ բարդ, բայց ահավոր հետաքրքիր էր: Այդ գրքից հետո աշխարհը յուրովի բացվեց իմ առաջ, հավատացի, որ միայն բանականության վրա հիմնված ու մարդկանց կողմից կամավոր ընդունված հանրային պայմանագիրն է ունակ սանձելու առանձին անհատի կրքերն ու արատները: Նման գաղափարները ոչ մի կապ չունեին սովետական իրականության հետ, բայց այդ ժամանակ չէի էլ փորձում դրանք կապել իրար, պարզապես յուրացնում էի: Չնայած՝ տասնամյակներ անց, երբ արդեն հետսովետական Հայաստանի նախագահն էի, իմ շատ որոշումների վրա գուցեև աննկատ ազդել է XVII դարում գրված այդ գիրքը, որ կարդացել էի 17 տարեկանում: Մի անգամ Կիմն ինձ Աստվածաշունչ նվիրեց: Գրպանի փոքրիկ գիրք էր՝ փափուկ կազմով, հազար էջ. ինքնին արդեն փոքրիկ հրաշք: Թռուցիկ կարդացի՝ մինչև վերջ չհասկանալով՝ ինչիս է պետք: Հավատացյալ, իհարկե, չդարձա, բայց գաղափարական հենքը, որն այն ժամանակ կառուցում էին յուրաքանչյուրիս մեջ, երերաց. Ասվածաշունչը ցանկացած դպրոցի միջանցքներում որպես ցուցադրական ագիտացիա կախված կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսից մարդկային էր թվում: Չնայած Կիմի հետ զրույցներն ու գրքերը այդ տարի հզոր ցնցում էին ինձ համար՝ փիլիսոփա կամ այլախոհ չդարձա: Ճիշտ է, սովորելու հանդեպ սառեցի. տեխնիկական առարկաները պատասխան չէին տալիս փիլիսոփայական հարցերին, իսկ այդպիսի հարցեր ավելի ու ավելի հաճախ էի ունենում: Զգացողություն ունեի, թե գուցե ճիշտ բուհ չե՞մ ընտրել, բայց շարունակում էի պարապել ու վատ չհանձնեցի առաջին ձմեռային քննաշրջանը: Դրա հետ մեկտեղ հասցնում էի նաև ապրել լիարժեք ուսանողական կյանքով. ընկերներ հայտնվեցին, միասին զբոսնում էինք Մոսկվայում, գնում կինո, սրճարան. սովորելուց շեղող լիքը զվարճանք ու գայթակղություն կար մայրաքաղաքում: Ուսանողների շրջանում, չգիտես ինչու, մեծ հռչակ էր վայելում Կալինինի պողոտայի (հիմա՝ Նոր Արբատ) «Մետելիցան». արշավանքները սրճարան մեծ շքեղություն էին համարվում: Շաբաթ օրերը դիսկոտեկ էինք գնում մեր հանրակացարանում: Այդպիսի դիսկոտեկներից մեկը շրջադարձային եղավ իմ ուսանողական կյանքում: Մի անգամ՝ մայիսի վերջին, հենց քննաշրջանից առաջ, մի անծանոթ լկտի տղա հայտնվեց դիսկոտեկում: Իրեն հանդուգն էր պահում. կարծում էր՝ ինչ ուզի կանի, ու ակնհայտորեն կռվի էր մղվում: Ես բորբոքվեցի: Ընկերներս փորձեցին ինձ կանգնեցնել, թե՝ ինչ-որ մեկի տղան է, ավելի լավ է՝ գլուխդ ցավի տակ չդնես, հեռու մնա... Ես չմնացի, ու բանն ավարտվեց կռվով: Խփեցի նրան ու, ինչպես պարզվեց, ուժեղ: Ոչինչ չէի վնասել, չէի ջարդել, բայց աչքի տակ մեծ կապտուկ հայտնվեց: Այդ պատմությանը լուրջ նշանակություն չտվեցի. ինչ ասես պատահում է, բռունցք կճոճես, հետո կհանգստանաս, ու նույնիսկ կարելի է ընկերանալ: Մեկ օր անց կանչեցին դեկանատ: Պահանջեցին, որ բացատրություն գրեմ, սպառնացին հեռացումով: Ես փորձում էի արդարանալ. «Ինքը սկսեց...»: Պարզվեց՝ այդ տղան ինստիտուտային ինչ-որ ղեկավարության ազգականն է, դրա համար էլ դիսկոտեկի միջադեպն անսպասելիորեն սրված ուշադրության առարկա էր դարձել: Ինձ անմիջապես չհեռացրին երևի միայն այն պատճառով, որ չափազանց ակնհայտ էր այդ տղայի մեղքը. լավ խմած էր ու ինքն էր սադրել կռիվը: Բայց պատմությունը ձգվեց, ստիպված էի նորից ու նորից դեկանատ գնալ, ֆակուլտետի ղեկավարության հետ հարաբերությունները շատ վատացան, ու հետաքրքրությունս ուսման հանդեպ, որ առանց այն էլ թուլացել էր, դրա ֆոնին ընդհանրապես մարեց: Ծնողներիս այդ միջադեպի մասին հաստատ պատմել չէի կարող, քրոջս ու Կիմին էլ, չգիտես ինչու, չպատմեցի: Ի վերջո, դեկանին ասացի, որ կտեղափոխվեմ ուրիշ ինստիտուտ, ու խնդրեցի սեփական ցանկությամբ հեռանալու հնարավորություն տալ: Պայմանավորվեցինք: Նորից ամառ եկավ, էլի մի հուլիս: Մի տարի առաջ էի եկել Մոսկվա, հանձնել քննությունները, անունս տեսել ընդունվածների ցուցակում ու զանգել հորս, որ ասեմ՝ ուսանող եմ: Հայրս այնպե՜ս էր հպարտանում տղայով... Ինստիտուտից հեռանալն ինձ առանձնապես չէր տխրեցրել, բայց անտանելի ամոթ էր, ու երկար ժամանակ հետաձգում էի հորս հետ խոսակցությունը: Հասկանում էի, որ այդ նորությունը նրա համար իսկական ողբերգություն կդառնա: Բայց այլևս ձգել հնարավոր չէր, ու գնացի փոստատուն: Հերթապահ աղջկան եմ պարզում մեր տան հեռախոսահամարով թերթիկը, նստում ու սպասում, որ միացնեն: Ժամանակն անտանելի դանդաղ է սողում: Րոպեները ժամ են թվում: Եվ ահա, վերջապես, լսափողի մեջ, խշշոցի ու ճրթճրթոցի միջով լսում եմ հորս հեռավոր ուրախ ձայնը. տղա՜ն է զանգում: - Պա՛պ, ինստիտուտից դուրս եմ եկել: Հայրս ապշեց անսպասելի նորությունից: - Ինչո՞ւ: Ի՞նչ է պատահել: Տառապագին փորձում եմ պատասխան գտնել. կոնֆլիկտի մասին պատմել չեմ կարող, իսկ սովորել չկարողանալուս հայրս չի հավատա. միշտ գերազանցիկ եմ եղել. - Չստացվեց: Էլ չեմ ուզում սովորեմ: Բանակ կգնամ: Հայրս լուռ է: Չգիտի՝ ինչ ասի: - Կգնամ Խարկով: Մորս հարազատ եղբայրները Խարկովում են ապրում: Տուն վերադառնալ չէի կարող. չգիտեի ոնց եմ նայելու հորս աչքերին: Մի ամիս պարապ ման եկա Խարկովում ու վերադարձա Ստեփանակերտ: Տեսնում էի, որ հայրս դառնացած է, բայց ոչինչ չհարցրեց: Ես էլ ամեն կերպ խուսափում էի ընդհատված ուսման մասին խոսակցություններից: Էլեկտրատեխնիկական գործարանում աշխատանքի տեղավորվեցի որպես փականագործ-հավաքող: Հինգ օր աշխատում էի, հանգստյան օրերին ընկերներիս հետ գնում սարերը, հաճախ՝ հրացանով: Աշունը, որ անպատմելի գեղեցիկ է Ղարաբաղում, վառվռուն գույներով էր ներկել սարերը: Երբեմն նույնիսկ որս անել չէի ուզում, որ չխախտեմ տիրող խաղաղությունն ու լռությունը, պարզապես շրջում էի լեռնային կածաններով: Մոսկովյան ուսանողական կյանքը ավելի ու ավելի հեռանում ու կամաց մոռացվում էր:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am