Միակ մանկական ողբերգությունը, որ մինչ օրս հիշում եմ...Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան․ «Կյանք Ու Ազատություն» ԼՂՀ և ՀՀ Պաշտոնաթող Նախագահի Ինքնակենսագրական Գիրքը Առաջաբան Հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ԽՍՀՄ փլուզման կանխանշաններից մեկը դարձավ: Թուլացող կենտրոնական իշխանությունը ակնհայտորեն չէր կարողանում լուծել տնտեսական խնդիրները, իսկ «վերակառուցումն ու գլասնոստը» աղետալի արագությամբ ավերեցին երկրի կառավարման համակարգը: Իշխանությունն անկարող եղավ որևէ նոր, գրավիչ ու համախմբող բան առաջարկելու հասարակությանը: Գերկենտրոնացման վրա հիմնված ու գաղափարախոսությամբ ամրակցված՝ սրընթաց կորցնում էր ուղենիշերը: Չնայած դրան՝ սպառնալիքը Սովետական Միության ամբողջականությանը իրական ու անշրջելի դարձավ միայն այն ժամանակ, երբ ճեղքվածքն սկսեց անցնել ամենախոցելի տեղով՝ ըստ էթնիկական հատկանիշի: Այդ դրամատիկ ժամանակներում ես հայտնվեցի հայ-ադրբեջանական հակամարտության էպիկենտրոնում ու դարձա գլխավոր գործող անձերից մեկը: Հանրահավաքներ, գործադուլներ, արտակարգ դրություն, պարետային ժամ, զինված կազմավորումներ, էթնիկական բախումներ, բախումներ զորքերի հետ, պատերազմ. այս բոլոր իրադարձությունները Սովետական Միությունում առաջին անգամ տեղի էին ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը: Կյանքը ցույց տվեց, որ մեզ մոտ՝ Ղարաբաղում, այլ ընտրություն չկար. մենք ամեն գնով պաշտպանում էինք նախնիների հողի վրա ապրելու մեր իրավունքը: Լինելով կուսակցական աշխատող՝ ես անմիջապես դարձա ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկը, զբաղվում էի ինչպես քաղաքական բաղադրիչով, այնպես էլ զինված ընդհատակի՝ ԼՂՀ ապագա Պաշտպանության բանակի հիմնադրմամբ: 1992 թվականի ամառը, երբ ադրբեջանական զորքերն օկուպացրել էին Ղարաբաղի կեսը, մեզ համար ամենաողբերգականն էր: Շատ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել, և ես ճգնաժամային կառավարման մոդել առաջարկեցի, որը համարժեք էր մեզ վրա կախված՝ Ղարաբաղի կորստի սպառնալիքին: Պատասխանատվությունը վերցրի ինձ վրա, ստեղծեցի ու գլխավորեցի Պետական պաշտպանության կոմիտեն՝ Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինը՝ արտակարգ լիազորություններով: Հաջողությունն ապշեցուցիչ էր: Երկու տարուց պակաս ժամանակում մեզ ոչ միայն հաջողվեց վերադարձնել ամբողջ Ղարաբաղի վերահսկողությունը, այլև շուրջը հուսալի պաշտպանական գոտի ստեղծել: Պատերազմից անմիջապես հետո ինձ ընտրեցին Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ: Սակայն 1997 թվականին ճակատագրի անսպասելի շրջադարձ եղավ, ու ես նախ դարձա Հայաստանի վարչապետ, ապա նախագահ՝ երկրի զարգացման վճռորոշ փուլում: Կոնֆլիկտ գործող նախագահի հետ, որը հարուցեց նրա հրաժարականը, արտահերթ ընտրություններ, երկիրը ցնցած խորհրդարանի ահաբեկչական գործողություն... Չափազանց ծանր տարիներ էին ինչպես ճգնաժամերի հաղթահարման, այնպես էլ ստեղծարար աշխատանքի և արդյունավետ բարեփոխումների համար, որոնք մեծապես փոխեցին Հայաստանի նկարագիրը: Իմ նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճեց հի՜նգ անգամ: Բարեբախտություն ունեցա որպես վարչապետ ու նախագահ աշխատել երկու երկրներում՝ ճանաչված ու չճանաչված, ընդ որում՝ նրանց կայացման՝ իրադարձություններով ամենից հարուստ տարիներին: Այնպես որ, պատմելու բան իսկապես ունեմ: Գիրք գրելու մտադրություն չունեի, թեև հասկանում էի, որ իմ կենսագրությունը հազվագյուտ է և կարող է հետաքրքիր լինել: Պարզապես չէի մտածում, թե երբևէ կփորձեմ պատմել իմ անցած ճանապարհի մասին: Օրագիր պահելու սովորություն չեմ ունեցել, հուշերի գիրկն ընկնել չէի սիրում, հին ալբոմներ չէի թերթում. մի խոսքով, չէի խրվում-մնում անցյալի մեջ: Միշտ զբաղված եմ եղել գործով, առաջ եմ նայել և ապագայի պլաններ կառուցել: Պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո շատերն էին համոզում, որ անպայման զբաղվեմ հուշագրություններով, բայց ես դրա անհրաժեշտությունը չէի զգում: Առաջին անգամ գրքի մասին մտածեցի Հայաստանից դուրս երկու հանդիպումներից հետո: Այդ հանդիպումներին հրավիրվել էի որպես բանախոս, և հաճելիորեն զարմացրեց ու ոգևորեց լսարանի հետաքրքրությունն այն իրադարձությունների հանդեպ, որոնց մասին պատմում էի: Հանդիպման շատ մասնակիցներ հարցնում էին, թե ինչու մինչ օրս գիրք չեմ գրել, չէ՞ որ շատ հետաքրքիր կստացվեր: Սակայն վերջնական որոշում կայացրի, երբ «Սիստեմա» ԲՖԿ-ի ռազմավարական նստաշրջանի ընթացքում Ալթայում ծանոթացա Մարկ Ռոզինի հետ: Որպես ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամի՝ ինձնից հարցազրույց վերցնելուց հետո Մարկը խոսեց գրքի մասին և ասաց, որ անպայման գրեմ: Այդ ժամանակ էլ մտածեցի, որ իսկապես արժե մարդկանց ներկայացնել իմ կյանքի պատմությունը: Խոստովանեմ, երբ սկսեցի գրել, շատ փոշմանեցի որոշմանս համար: Բայց նահանջելու համար արդեն ուշ էր. կյանքում երբեք ու ոչինչ կիսատ չեմ թողել: Անցյալի, հատկապես ղարաբաղյան շրջանի մեջ խորանալը ծանր փորձություն դարձավ: Շատ բան արդեն անհուսալիորեն մոռացված էր թվում: Հարկ եղավ վերընթերցել բոլոր նախկին հարցազրույցներս, նայել պահպանված տեսագրությունները, բազմաթիվ հանդիպումներ ունենալ այդ տարիների իրադարձությունների մասնակիցների հետ: Ապշելու բան է, թե հիշողության խորքերից ինչպես հանկարծ սկսեցին դուրս լողալ կենդանի պատկերներն այն ամենի, որ շատ վաղուց էր եղել: Նույնիսկ մարդկանց դեմքերը, որոնց գոյությունը, թվում էր, մոռացել եմ, նրանց անուններն ու նրանց հետ կապված ապրումներս: Ես ամբողջ կյանքում հետևողականորեն ու բավական հաջող ինձ վարժեցրել եմ վերահսկելու հույզերս: Գիրքը գրելիս վերստին սովորում էի ազատագրել նրանց, և դա հիշողության խորքերում թաղված կերպարներին ազատություն տալու լավագույն միջոցն էր: Ուզում էի, որ գիրքը հետաքրքիր լինի, ոչ թե պարզապես նկարագրի պատմական իրադարձությունները, որոնց մասնակցել եմ: Ուզում էի ցույց տալ պատմության հենքն ու նրան հյուսած մեր թելը, պատմել, թե ինչու էինք վարվում այս կամ այն կերպ, ինչն էր մեզ անհանգստացնում, ինչն էր խանգարում, և ինչն էր օգնում ու ոգևորում: Առաջին անգամ բացահայտել մեր նորագույն պատմության ամենադրամատիկ հատվածների անդրկուլիսյան մանրամասները: Սկզբում մտածում էի գրել այն ամենի մասին, որ կատարվել է այդ զարմանալի տարիներին, նաև տալ նրանց անունները, ում հետ ծանրագույն ճանապարհ եմ անցել ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Սակայն փաստերի առատությունից գիրքը կորցնում էր դինամիկան, դառնում էր չափազանց ծանրաբեռնված, ակադեմիական ու դժվարընթեռնելի: Արդյունքում որոշեցի պատմել միայն ամենակարևոր իրադարձությունների մասին, որոնց մասնակցել էի: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ աշխատել, շփվել ու ընկերություն եմ արել, և ներողություն եմ խնդրում նրանցից, ում անունները չեն հնչել գրքում: ՄԱՍ I. ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔ Գլուխ 1 ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ Ծնվել ու մեծացել եմ Ստեփանակերտում, որ փոքրիկ քաղաք էր Լեռնային Ղարաբաղի կամ, ինչպես մենք ենք ասում, Արցախի կենտրոնում: Երբ մտովի վերադառնում եմ մանկություն, հիշում եմ լեռների գրկում ամբողջ աշխարհից թաքնված մաքուր, կանաչ ու խնամված մեր քաղաքը: Ասում են՝ իր հետ կատարվածից երկու տարի անց մարդ շատ բան մոռանում է, բացի ամենալավից կամ ամենավատից: Միակ մանկական ողբերգությունը, որ մինչ օրս հիշում եմ, մեր շան մահն է. Ջուլբարսը մեքենայի տակ էր ընկել: Մնացած հիշողություններս պատված են հեքիաթային ջերմությամբ, իսկ հիշողությունս բազում վառ և ուրախ պատկերներ է պահպանում: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ լողացի: Վեց տարեկան էի: Ես ու եղբայրս լողում էինք մեր տնից ոչ հեռու փոքրիկ լճում, սկզբում թպրտում էի ափի մոտ, հետո, ինձ համար էլ աննկատ, հասա խորքը, որտեղ ոտքերս գետնին չէին հասնում: Հանկարծ զգում եմ, որ ջուրը գրկում ու պահում է ինձ, ձեռքերով շարժումներ եմ անում ու,- իհարկե, շնալողով,- բայց լողո՜ւմ եմ: Նույն ամռանը սովորեցի երկանիվ հեծանիվ քշել, ու դա էլ հեշտ ստացվեց, ինքն իրեն. գնացի՜նք, և ահա, տղերքի հետ սլանում եմ փոշոտ ճանապարհով: Հավասարակշռություն պահելու ունակությունն ու արագության կիրքը պահպանեցի ողջ կյանքում: Մինչ օրս ամենայն մանրամասնությամբ հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ Սև ծով գնացի՝ ամբողջ ընտանիքով, մեր «Մոսկվիչով»: Գիշերում էինք հենց ափին, վրաններում, կայանատեղիներում: Եվ, իհարկե, ամենատպավորիչը ծովն էր: Մեր լեռնային գետակներից հետո ծովն այնքան տաք էր թվում, որ մեզ ջրից չէին կարողանում հանել: Այդ ժամանակ սուզվել սովորեցի ու վատ չէի լողում ջրի տակ՝ փողրակավոր դիմակով: Երեխաների կյանքն այդ տարիներին դրսում էր անցնում: Ամռանը շուտ էինք զարթնում, վազում գետի ափ ու ամբողջ օրն անցկացնում այնտեղ. լողում էինք, ձուկ բռնում, խաղում: Մեր խաղերից շատերն այսօր ոչ ոք չի հիշում, դրանք վաղուց չկան: Շատ էի սիրում արշավները ու հաճախ, վրանը վերցնելով, ընկերներիս կամ եղբորս հետ գնում էի սարերը: Մեր նշանավոր Շուշիի կիրճն անգիր էի արել. գիտեի բոլոր կածաններն ու մեկուսի վայրերը, պրպտել էի բոլոր քարանձավներն ու սարերում հանգիստ կարող էի գիշերել նաև առանց վրանի: Ձմռանը գլխավոր զբաղմունքը չմուշկներն ու դահուկներն էին: Ո՜նց էինք ուրախանում ընկերներով, երբ ձյուն էր գալիս: Լեռնադահուկներ այն ժամանակ, իհարկե, ոչ մեկը չուներ, զինվորական լայն դահուկներ էինք վերցնում, ոտքերը կապելու հարմարանքներ հորինում ու բարձունք գտնելով՝ սլանում ցած: Ձյուն շատ էր գալիս, երկար ժամանակ չէր հալվում, ու քաղաքի փողոցները վերածվում էին համատարած սահադաշտի. այն ժամանակ աղ չէին լցնում: Քաղաքային ավտոբուսների անիվներին, որպեսզի չսահեն, շղթաներ էին փաթաթում: Մինչ ավտոբուսը փնչացնելով կբարձրանար քաղաքի վերևի մասը, տղերքով, չմուշկներ հագած, կախվում էինք հետևից, իսկ հետո ցած սղղում փողոցներով: Իմ մանկության չմուշկները՝ «ձյունիկները», շատ էին տարբերվում հիմիկվաններից. պարզապես երկու պողպատե սահակող, որ թոկերով կապվում էին սովորական ձմեռային կոշիկներին: Մեր ընտանիքն ապրում էր քարաշեն տան մեջ, որ դեռ պապս էր կառուցել: Հիշում եմ՝ ինչպես էինք ամեն ամառ սուսրով ներկում թիթեղյա տանիքը, որ չժանգոտի: Տունը մի քանի անգամ վերակառուցվել էր. սկզբում միայն մի փոքրիկ սենյակ էր, հետո ժամանակի հետ կամաց-կամաց մեծացավ. երկու սենյակ ավելացավ, ծածկապատշգամբ ու նկուղ: Մինչ օրս պարզ տեսնում եմ պատերին կախված հին լուսանկարները. պապս, տատս, նախատատս: Ինձ՝ երեխայիս, տունն ահռելի էր թվում: Շատ տարիներ անց տեսնելով՝ զարմացա. պարզվում է՝ ի՜նչ փոքր է եղել: Պատերազմի ժամանակ տունն անվնաս էր մնացել, իսկ հետո քանդեցին. բոլորովին վերջերս այդ տեղում շինարարություն տեսա: Այգին էլ չկար, որ դեռ պապս էր սկսել տնկել: Այգին հորս մեծ ուրախությունն ու հպարտությունն էր: Անվանի գյուղատնտես էր նա և իր գործը շատ էր սիրում: Երեք հսկա թթենիները համարյա կպած էին տանը, ու մենք երեխաներով ամբողջ օրը մագլցում էինք այդ ծառերի վրա: Եվ, իհարկե, քաղցր, հասած թութ էինք ուտում: Մեծերը թթից դոշաբ էին եփում: Եվ, իհարկե, օղի քաշում: Մինչ օրս, եթե օղի խմում եմ, ապա սովորաբար՝ թթի: Վեց հոգով էինք ապրում. ծնողներս, տատիկս, Վալերա եղբայրս, ես ու մեր քույր Իվետան՝ հորս աղջիկը առաջին ամուսնությունից, որն այն ժամանակ ուսանող էր: Բուհից հետո մնացել էր աշխատելու Հայաստանում, իսկ հետո տեղափոխվեց Մոսկվա, ամուսնացավ: Ես ու Վալերան մեր սենյակն ունեինք. մի սենյակ՝ երկուսիս: Տարիքի տարբերությունը մեծ չէր՝ ընդամենը երկու տարի: Երեխա ժամանակ իրար հետ հաճախ էինք կռվում. անհեթեթ բաներից, իհարկե. ես, որ փոքրն էի, համառում էի, ոչ մի հարցում չէի ուզում զիջել եղբորս: Իսկ հետո Վալերան հանկարծ աճեց, բոյ քաշեց, թափ առավ, հասունացավ, զգաց իր ուժը, և այդ ժամանակ մեր հարբերությունները փոխվեցին: Կռիվներն ավարտվեցին, ու սկսվեց ընկերությունը, որը շարունակվեց ամբողջ կյանքում: Մենք նաև մեր ընտանեկան գաղտնիքներն ունեինք: Դրանցից մեկը՝ հորս պատմությունը, իմացա, երբ արդեն մեծ էի: Պապս ընտանիքով Բաքվում էր ապրել: Երբ 1918 թվին թուրքերը մտել էին Բաքու, ու սկսվել էին հայկական ջարդերը, հայրս կորել էր: Ութամյա տղան փախչողների բազմության հետ հայտնվել էր լաստանավի վրա ու Կասպից ծովով հասել Միջին Ասիա: Հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, անիշխանություն, ամենուր՝ անկարգություններ, բայց պապիկս ու տատիկս, աղջիկների հետ, փրկվել ու կարողացել էին հասնել Ղարաբաղ: Իսկ հայրս երկար անապաստան դեգերել ու, ի վերջո, հայտնի չէ՝ ինչպես, հայտնվել էր Տաշքենդում: Եվ այնտեղ բախտը բերել էր. նրան ու իր պես անապաստանների օթևան էր տվել մի հարուստ հայ: Երեխաները աշխատում էին նրա համար, իսկ հայը նրանց կերակրում էր, նույնիսկ դպրոց էր տվել: Մի խոսքով, փրկել էր երեխաներին: Տատիկս այդ բոլոր տարիներին որդուն գտնելու հույսը չէր կորցրել: Երկրում աստիճանաբար վերականգնվում էր կարգուկանոնը, սկսել էր աշխատել փոստը: Ու տատիս եղբայրը, որ մեծ մարդ էր դարձել միլիցիայում՝ ղեկավարում էր բանդիտիզմի դեմ պայքարի բաժանմունքը, կարողացել էր Տաշքենդում գտնել վեց տարի առաջ կորած երեխային ու բերել Ստեփանակերտ: Հայրս այդ ժամանակ արդեն տասնչորս տարեկան էր: Տատիկս ամաչում էր կատարվածից՝ ինչպե՞ս կարող էր կորցնել տղային, ու հորս արգելել էր պատմել այդ մասին: Ոչ ոք չգիտեր: Չնայած՝ այդ պատմության արձագանքները, իհարկե, մեկ այստեղից, մեկ այնտեղից լսվում էին: Օրինակ՝ ամեն տարի Տաշքենդից մեզ հյուր էր գալիս հորս մտերիմ ընկերը: «Ի՞նչ ընկեր: Որտեղի՞ց Տաշքենդում ընկեր»: Հայրս չէր պատասխանում, ու միայն հետո պարզվեց, որ երեխա ժամանակ միասին աշխատել են այդ նույն հայի մոտ: Մի գաղտնիք էլ պապիս էր վերաբերում: Ես նրան չեմ տեսել. մինչև իմ ծնվելն է մահացել: Մի անգամ, լրիվ պատահական, գյուղում մի մարդու հանդիպեցի, որն ասաց, թե լավ գիտի պապիս՝ դերանց Սարգիսին: Հարցրի՝ ինչո՞ւ է պապիս «դերանց» ասում: «Ո՜նց,- ասում է,- պապդ մեր շրջանի վերջին քահանան է եղել»: Երբ պապս, ջարդերից փրկվելով, վերադառնում է Ղարաբաղ, նրան, որպես գրաճանաչ մարդու, առաջարկում են քահանա դառնալ. գրագետ մարդիկ այն ժամանակ հազվագյուտ էին: Պապս համաձայնել էր ու սպասավորել մինչև 20-ական թվականների վերջը, մինչև կփակեին վերջին եկեղեցին: Իսկ հայրս երդվյալ կոմունիստ էր, բայց երկար ժամանակ կուսակցության մեջ չէին ընդունում. ծագումն այն չէր: Հայրս ծանր էր տանում ու նույնիսկ շատ տարիներ անց մեզ հետ դժկամությամբ էր քննարկում այդ թեման: Հորական տատս աչքի էր ընկնում խիստ բնավորությամբ. չեմ հիշում, որ երբեևէ ժպտար: Քահանայի այրի լինելով՝ տատս Աստծուն չէր հավատում: Ես ու եղբայրս երբեմն հոգու հետ խաղում էինք. «Տատի՛, բա մեզ դպրոցում ասում են, որ Աստված կա»: Նա միայն ձեռքն էր թափ տալիս ու խնդրում հիմարություններ դուրս չտանք: Չնայած տատիկը երբեք չէր պատժում ինձ ու եղբորս, անխոս ենթարկվում էինք, ըստ երևույթին՝ զգալով նրա ներքին ուժն ու խստությունը: Տատս երեք երեխա ուներ. մեծը տղան էր՝ հայրս, ու երկու աղջիկ: Մի աղջկա ամուսինը զոհվել էր Հայրենական պատերազմում, ու նա որդու հետ Բաքվում էր ապրում, իսկ փոքրը ընտանիքով Ստեփանակերտում՝ մեզնից ոչ հեռու: Շատ շուտ ու անսպասելի մահացավ, երբ ես արդեն ծառայում էի բանակում, իսկ նրա մահվանից ուղիղ մի տարի անց տատիկս մեծ քանակությամբ քնաբեր խմեց. ուզում էր ինքնասպան լինել: Երբ տատիկին ուշքի էին բերել, բացատրել էր. «Ես իմ աղջկանից երկար չպիտի ապրեմ»: Մեր ընտանիքում մեծերը երբեք չէին կռվում, երեխաների վրա ձայն չէին բարձրացնում: Մայրս սկեսուրի հետ հաշտ էր ապրում: Գուցե երեխաների բացակայությա՞մբ էին հարաբերություններ պարզում: Կարծում եմ՝ ոչ. մեր կյանքը ոչնչով չէր մռայլվում: Տան հոգսը ամբողջովին մորս ուսերին էր: Կամային, չափավոր խիստ ու գործնական՝ նա էր սահմանում տան ներքին կարգուկանոնը, վարում ընտանեկան հաշիվներն ու զբաղվում մեր դաստիարակությամբ: Նրա վրա էր երեխաների կրթությանը վերաբերող ամեն ինչի պատասխանատվությունը: Եղբայրս, հիշում եմ, առավոտները դժվար էր վեր կենում: Ես մինչև զարթուցիչի զանգն արդեն արթնացած էի լինում, իսկ Վալերային ստիպված էին երկար քաշքշել: Մայրիկն արթնացնում է, իսկ եղբայրս, քունը գլխին, փնթփնթում է. «Լավ, էլի՜, մա՛մ, մի րոպե էլ... մի վայրկյան...»: Այ, այստեղ մայրիկի ձայնի մեջ կարող էին և խիստ երանգներ հայտնվել: Մորս հետ իմ վեճերի հիմնական պատճառը երաժշտության պարապմունքներն էին: Նրա հեռու զարմիկը լավ ջութակ էր նվագում, ու մայրս երազում էր, որ ես էլ նվագել սովորեմ: Առաջին դասարանում ուղարկեց երաժշտական դպրոց, իսկ ես ահավոր ամաչում էի ու սկսեցի ատել ջութակը: Երբ պատյանը ձեռքիս անցնում էի փողոցով, ականջներս վառվում էին, ուզում էի գետնի տակն անցնել: Երկու տարի տառապեցի, երրորդին գտա լուծումը: Տնից դուրս եմ գալիս իբր պարապմունքի գնալու, բայց աննկատ, որ անցորդները չտեսնեն, ջութակը պահում եմ շիմշատի թփերում ու վազում տղերքի հետ ֆուտբոլ խաղալու: Խաղում-վերջացնում եմ, վերցնում ջութակը ու հանգիստ գալիս եմ տուն: Մի երկու ամիս այդպես փախա երաժշտությունից, մինչև ուսուցչուհին զանգեց ծնողներիս: Այստեղ իմ գաղտնիքը բացվեց, ու տանը սարսափելի սկանդալ պայթեց: Մայրս ուզում էր ինձ վերադարձնել դպրոց, բայց ես հրաժարվեցի: Կտրականապես: Արդեն սովորել էի դիմադրել: Մայրիկը զիջեց, բայց անցավ եղբորս: Վալերային դաշնամուրի տվեց: Նա թողեց դաշնամուրը: Այդ ժամանակ մայրս նրան խնդրեց զբաղվել կլառնետով. նույն պատմությունը: Մի խոսքով, մայրս չէր հանձնվում, մենք՝ նույնպես, ու մեզնից այդպես էլ երաժիշտ դուրս չեկավ... Բայց և այնպես, ընտանիքում գլխավորը հայրս էր: Հիշում եմ՝ աշխատանքից ուշ էր գալիս տուն ու հաճախ գնում էր գործուղումների: Հայրս ոգևորված էր գյուղատնտեսությամբ ու դրա պատասխանատուն էր ամբողջ մարզի մասշտաբով. Ղարաբաղում խաղողագործության զարգացման հաջողությունը նրա վաստակն էր: Բացի դրանից՝ երկար տարիներ մարզգործկոմի նախագահի տեղակալի պաշտոնին էր և իր աներևակայելի զբաղվածությամբ հանդերձ՝ հասցնում էր գիտական աշխատանք կատարել: Թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո մնաց մեր քաղաքում, ինչը բավական անսովոր էր այն ժամանակների համար. մարդիկ գիտական աստիճան ստանալով՝ առավել հաճախ մեկնում էին մայրաքաղաք՝ Բաքու կամ Երևան: Իսկ հայրս հավատում էր, որ ինքը պետք է այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում: Եվ մեր լեռներում նա՝ գյուղատնտեսը, քաղաք-այգի էր հիմնում, կոմունիզմ կառուցում, որի գաղափարներին հավատաց ամբողջ կյանքում: Զբաղվածության պատճառով հայրս միշտ չէ, որ կարողանում էր զբաղվել ինձանով, բայց ձգտում էր տալ գլխավորը, որը, իմ կարծիքով, պետք է կարողանա ցանկացած տղամարդ: Հիշում եմ՝ ինչպես սովորեցրեց մեքենա վարել: Մի հին «Մոսկվիչ» ունեինք, կարծեմ՝ 403 մակնիշի, կլորավուն: Այդ ժամանակ տասներեքս էր լրացել, ու բարձրահասակ չէի: Հայրս նստեցրեց ղեկի մոտ ու ասում է. «Ոտնակին հասցնում ե՞ս»: -«Հասցնում եմ»: -«Ճամփան տեսնում ե՞ս»: -«Տեսնում եմ»: -«Դե քշի՛»: Ու ես քշեցի: Հայրս էր, որ առաջին անգամ զենք տվեց ձեռքս. միփողանի, ողորկափող հրացան: Սկզբում նրբատախտակի կամ ստվարաթղթի վրա նկարած ինքնաշեն թիրախների վրա էինք կրակում, հետո որսի գնացինք սարերը: Հիշում եմ՝ ինչքան հպարտ էի, երբ առաջին անգամ կաքավ խփեցի: Հայրս շուտով թույլ տվեց՝ ինքնուրույն զենք օգտագործեմ, իսկ հետո ընդհանրապես տվեց ինձ: Մեր բակի տղաներից ոչ մեկը դեռ զենք չուներ: Տղերքով հավաքվում և այդ հրացանով,- մեկը՝ բոլորին,- գնում էինք սարերը՝ որսի: Ես ռուսական դպրոցում էի սովորում ու լավ էի սովորում: Կարևոր չէր՝ առարկան դուր էր գալիս թե ոչ, բայց անպատրաստ դասի գնալն աներևակայելի էր: Չէի կարող պատկերացնել ավելի մեծ խայտառակություն, քան գրատախտակի մոտ անօգնական կանգնելը՝ չիմանալով ինչ պատասխանեմ: Ընդհանրապես արագաշարժ ու կարգապահ էի. դպրոցից եկար, արագ արեցիր դասերդ ու ազատ ես: Մաթեմատիկան, ֆիզիկան հեշտ էին տրվում, սիրում էի աշխարհագրությունն ու գրականությունը: Լեզուների հարցն ավելի դժվար էր. շարադրություն հեշտ էի գրում, բայց սխալնե՜րը... Ու միայն երկու առարկա չէին ձգում ընդհանրապես՝ հայերենն ու անգլերենը: Ու կյանքը, ասես դիտմամբ, ստիպեց դրանք սովորել արդեն հասուն տարիքում: Արդեն Հայաստանի վարչապետ դառնալով՝ ո՜նց էի փոշմանում, որ հաճախ բաց էի թողնում հայերենի դասերը: Դպրոցում չէի հասկանում, որ այդպես պետք է գալու. մեր ղարաբաղյան բարբառը շատ է տարբերվում գրական հայերենից, ու Հայաստանում այն դժվար են հասկանում: Մեր կյանքի կենտրոնը բակն էր: Մեր տունը մեծ, բազմաբնակարան շենքի կողքին էր, որի ընդարձակ բակում ամեն երեկո հավաքվում էին հարևանները՝ մեծեր, ծերեր, երեխաներ: Բոլորն իրար լավ ճանաչում էին ու ազատ ժամանակը միասին էին անցկացնում, մեկ ընտանիքի պես: Հիշում եմ տաղավարը բակի մեջտեղում, ուր մեծերն անդադար նարդի ու շախմատ էին խաղում՝ իրար ձեռ առնելով, իսկ մենք՝ երեխաներս, վազվզում էինք շուրջը: Հիշում եմ, թե ինչպես էր մեկնումեկի սուր կատակից հետո տաղավարը պայթում միահամուռ քրքիջից, և այդ քրքիջը, շենքի պատերից արձագանքվելով, հասնում էր բակի ամենահեռավոր անկյունները: Ու քանի որ բոլորն անընդհատ ձեռ էին առնում բոլորին, ծիծաղն էլ ոչ մի րոպե չէր դադարում: Մի խոսքով, բակում բարեկամական և ուրախ մթնոլորտ էր: Մեր բակը էլիտար էր համարվում: Մեծ շենքում ապրում էին մարզային միլիցիայի պետը, ժողովրդական վերահսկողության պետն ու կուսակցության մարզկոմի մի քանի աշխատակից: Ընդհանուր առմամբ՝ ինտելիգենտ ժողովուրդ էր հավաքվել. գիրք էին կարդում, սպորտով զբաղվում: Հարևանությամբ դպրոցն էր՝ մարզադաշտով, ու մենք այնտեղ ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ էինք խաղում, որն այն ժամանակ մեծ հեղինակություն էր վայելում: Իհարկե, պատահում էր նաև, որ խաղալիս իրար հետ լեզու չէինք գտնում, վիճում էինք, կռվում, բայց այդպիսի դեպքերը չէին խանգարում մեր ընկերությանը: Մի փողոց ներքև խուլիգանական բակեր կային, ու այնտեղի տղաները երբեմն գալիս էին մեզ մոտ ֆուտբոլ խաղալու. մեկ հաշտ ու խաղաղ խաղում էինք, մեկ՝ բակերով կռվում: Բայց լուրջ բախումներ չէին լինում. պարզապես ուժի ու տաքարյունության ավելցուկից երբեմն բռունցք էինք ճոճում իրար վրա: Մի խոսքով, մանկությունս անամպ ու երջանիկ է եղել, ինչպես և իմ հասակակից ղարաբաղցիների մեծ մասի մանկությունը: Գուցեև կանխակալ եմ, բայց հիմա էլ համոզված եմ, որ մեր մարզը յուրահատուկ էր: Շուրջը՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ ամբողջ Կովկասում, ծաղկում էր կաշառակերությունը, հեղինակություն էին վայելում օրենքով գողերը: Իսկ Ղարաբաղը օրինականության ու կարգուկանոնի օազիս էր, «կաշառք» բառը որպես ամենասարսափելի վիրավորանք էր ընդունվում, ու մարդիկ լրջորեն մտածում էին, որ կոմունիզմ են կառուցում: Ըստ երևույթին, համընդհանուր հավասարության ու եղբայրության գաղափարը համահունչ էր ավանդական արժեքներին, որոնցով դաստիարակվել էին ղարաբաղցիների բազում սերունդներ, ու կատարյալ հասարակության երազանքն արմատ էր գցել մեր հողում: Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ օրինահարգ սովետական քաղաքացիներ, անկեղծորեն հավատում էին պայծառ ապագային: Այդպես էլ ապրում էինք՝ պարզ ու հանգիստ, ու թվում էր՝ ոչ մի ցնցում չի վրդովի մեր խաղաղ ու մեկուսի եզերքը, միայն սերունդները կփոխարինեն սերունդներին: