Ինչ են քննարկել Դ. Տոնոյանն ու «RS» զորքերի փոխհրամանատարը Աֆղանստանում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվել են բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ։ Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն է հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ։