Հայաստանի անվտանգության հարցեր

Գրառում Գ Հայաստանի անվտանգության պատմական համակարգը Մաս 9

Երևանի պայքարը՝ հաղթանակներ և պարտություններ Երևանը պաշտոնապես դառնում է Հայաստանի մայրաքաղաք 1918-ին, երբ հռչակվում է Հայաստանի Հանրապետությունը: Բայց էականը դրա պաշտոնական հռչակումը չէ, այլ դրան նախորդող մի քանի տարիների իրադարձությունները: Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ քնկոտ գավառական գեղեցկուհու ծույլ կյանքն ապրող Երևանի ճակատագիրը ցնցվեց Առաջին Համաշխարհային պատերազմով: Առաջին գործընթացը, որ պայմանավորեց Երևանի կենտրոն դառնալը, արևմտահայերի ողբերգական գաղթն էր դեպի Արևելյան Հայաստան: Տարբեր շրջաններից գաղթածներն ունեցան տարբեր ճակատագիր և տեղավորվեցին տարբեր կետերում: Նրանք, ովքեր կարողացան թեկուզ զենքի ուժով տեղավորվել Արևելյան Հայաստանի թուրքաբնակ վայրերում, ինչպես սասունցիները, որոնք բնակեցրեցին Թալինը՝ դուրս մղելով այնտեղից թուրքերին և քրդերին, փրկվեցին:
Նրանք, ովքեր, օրինակ, ալաշկերտցիների պես՝ հույսները դրեցին ոչ թե իրենց ուժի, այլ օգնության վրա, մեծամասամբ պարզապես մաշվելով ոչնչացան՝ սովից, համաճարակներից և անօթևանությունից: Հնարավոր չէ առանց սարսափի կարդալ Երևանի փողոցներում տարիներով ապրող և մեռնող հազարավոր գաղթականների մասին նկարագրությունները: Բայց այդ սարսափը Երևանի կենտրոն դառնալու կարևոր երկու հիմքերից էր: Նրանք, ովքեր կարողացան վերապրել երկրային այդ դժոխքը, դարձան լիովին նոր Երևանի ձևավորող տարրերից մեկը: Երևանը որպես մայրաքաղաք՝ ամբողջ 20-րդ դարում խաղաց հայության յուրահատուկ խառնարանի, ձուլարանի դերը: Պետք է իրապես պատկերացնել, թե ինչպիսի բազմազանություն էր 20-րդ դարի սկզբի հայությունը, թե այդ անվանական միասնականության տակ՝ բարբառների, ավանդույթների, նույնիսկ՝ արտաքինի և այլնի ինչ խառնիճաղանջ խճանկար էր թաքնված, որպեսզի չափազանցություն չթվա Երևանի համեմատությունը ԱՄՆ-ի հետ՝ որպես «ազգերի խառնարան»: Հայերը հիրավի ոչ թե սովորական իմաստով ազգ էին (և հիմա էլ գուցե դեռ մինչև վերջ չեն, բայց այն ժամանակ՝ առավել ևս), այլ փոքր ազգերի մի յուրահատուկ համախումբ: Բավական է պատկերացնել, թե ի՛նչ պետք է զգային իրար տեսնելիս, ասենք, ղարաբաղցին և զեյթունցին, որոնք նույնիսկ իրար հայերենը չէին հասկանում, ու սրանց էլ գումարած՝ նորնախիջևանցի ռուսախոսը, թիֆլիսեցին՝ հաճախ վրացախոս, և այլն, և այլն, և հասկանանք, թե ինչ հսկայական աշխատանք է կարողացել իրացնել Երևանը՝ ձուլելով դրանց բոլորին մեկ հանրության մեջ: Երևան գաղթածների կարևորագույն խումբը գոնե սկզբնական շրջանում վանեցիներն էին: Դրա մասին նախորդիվ արդեն գրել ենք: Կարևոր է այստեղ հասկանալ վանեցիների դերի հետ կապված հետևյալը: Երևանը Վանից դեպի Արևելյան Հայաստան գաղթելու բնական ճամփան էր: Ինչպես ժամանակին Վանա թագավորության արքաներն այդ ճամփով ներխուժեցին Արարատյան դաշտ և հիմնեցին Էրեբունին, այդպես էլ 1915-16-ին Վանի ժողովուրդը թագավորների ուղիով գաղթեց Արարատյան դաշտ՝ փաստացի հիմնելու համար Հայաստանի նոր մայրաքաղաքը: Էական է նաև այն, որ ի տարբերություն Արևմտյան Հայաստանի մյուս վայրերի, վանեցիներն ինքնապաշտպանության շնորհիվ ցեղասպանության ենթարկված չէին, հետևաբար՝ քանակապես, նյութապես և հոգեբանորեն ավելի ամուր վիճակում էին՝ մյուս գաղթականների համեմատ: Ինչպես նախորդ մասում նկարագրել ենք, Վանն իր ժամանակի կարևորագույն հեղափոխական կենտրոնն էր, և պատերազմին նախորդող տասնամյակում վերածվում էր Հայաստանի յուրահատուկ մայրաքաղաքի: Հեղափոխական և կենտրոնամետ այս ավանդույթը վանեցիները տեղափոխեցին Երևան: Հատկապես 1920-30-ական թթ.-ին նրանք կարևոր, թեև մի քիչ մոռացված դեր խաղացին Երևանի և Հայաստանի կայացման մեջ: Վանեցիների գաղթի կարևոր հետևանքներից էր Սարդարապատի ճակատամարտը, որը նոր՝ երևանակենտրոն հայության հիմնադիր ինքնադրսևորումն էր, և որով, այլ ոչ թե ձևական հռչակմամբ, Երևանը դառնում է իսկական մայրաքաղաք՝ հակադրված գաղութային թիֆլիսակենտրոն հայությանը: Սարդարապատի ճակատամարտը ոչ թե ժողովրդական տարերային պոռթկում էր կամ էլ մինչ այդ անընդհատ նահանջած հայկական զորքի անսպասելի վերածնունդ: Տարերային պոռթկումներն ընդհանրապես պատմության մեջ դեր չեն ունենում, եթե չհաշվենք, որ դրանց վերագրվում է անհասկանալի մնացած շատ բան, իսկ ռուսահայ սպայության ղեկավարած հայ զորքը ոչ մի ներքին ռեսուրս չուներ և չէր էլ կարող ունենալ այդքան պարտություններից հետո նորից հաղթելու համար, եթե չլիներ այդ հեղափոխումն ապահովող հուժկու ազդակը՝ զորքից դուրս: Սարդարապատի հաղթանակի գաղտնիքն այն է, որ դրան նախորդել է մի քանի ամսվա ժողովրդական շարժում և կազմակերպում: Սա առաջին հրապարակային, զանգվածային, հանրահավաքային շարժումն էր Երևանում, որը նախորդեց ու կանխեց հետագաները՝ 1960-ականներինը, 1988-ինը, և այլն: Հենց այս շարժմամբ Երևանը դարձավ փաստացի մայրաքաղաք, կենտրոն, և այս շարժմամբ հիմք դրվեց ռազմական հաղթանակի և Հայաստանի Հանրապետության հռչակմանը: Այդ շարժումն էլ իր հերթին՝ հնարավոր դարձավ, որովհետև նախկին ռուսական գավառական Երևանի փոխարեն՝ ձևավորվում էր համահայկական խառնարանը, ուր միանում էին իրար արևմտահայկական և արևելահայկականը: Այս հաղթանակը հակադրության մեջ էր նախկին թիֆլիսակենտրոն քաղաքական առաջնորդման հետ: Թիֆլիսակենտրոն քաղաքականության ձախողման գագաթը Մեծ եղեռնն էր, հայրենիքի կորուստը և հայոց պատմության ծանրագույն պարտությունը: Երբ թիֆլիսակենտրոն երազանքն իրականացավ՝ ռուսական զորքը վերջապես պատերազմի բռնվեց թուրքերի դեմ, և հայերն էլ դրան մասնակցեցին՝ որպես ռուսների և ընդհանրապես «առաջադեմ աշխարհի» դաշնակից, ապա այդ երազանքը վերածվեց մղձավանջի՝ օտար ուժին ապավինած և դրսակենտրոն հայությունը կորցրեց մի տարում այն ամենը, ինչ նախորդ սերունդները հազարամյակներով էին կուտակել և լավ-վատ պահել: Սրան հակադիր հայաստանակենտրոն հեղափոխականությունը՝ սեփական ուժերին ապավինելը, կարողացավ տանել իր առաջին համեստ հաղթանակը Սարդարապատում: Սակայն երկու Հայաստանների պայքարը սրանով չավարտվեց: Թիֆլիսը տեղափոխվեց Երևան 1918-ի ամռանը՝ Թիֆլիսում կազմված Հայաստանի առաջին կառավարությամբ: Երբ 1918-ի նոյեմբերին թուրքերը պարտվելով համաշխարհային պատերազմում՝ հեռացան Հայաստանից, Թիֆլիսը շարունակեց ղեկավարել Երևանին: Նորից գործի դրվեց Թիֆլիսի սիրելի «դիվանագիտությունն» ու հավատը «քաղաքակիրթ աշխարհին»: Մի ամբողջ 1919 թվական կորավ «դիվանագիտության վրա», երբ փոխանակ եզակի հնարավորությունն օգտագործելով, վճռական քայլերով Երևանի շուրջ հավաքվեր մի Հայաստան՝ մաքրելով այն թշնամի տարրերից և միացնելով թեկուզ միայն արևելահայ գավառները, սպասեցին «միջազգային հանրության» վճիռներին, փոխանակ հեղափոխական հիմքով բանակ ստեղծվեր՝ հույս դրվեց արդեն մեկ անգամ պարտված ռուսահայ սպայության վրա, երբ կենտրոնացած իշխանություն հաստատելու փոխարեն՝ կոալիցիա խաղացին թիֆլիսյան զանազան «կուսակցություններով»: Սրա հետևանքները եղան նոր կորուստները, որոնց մասին այստեղ արդեն չենք խոսի: Այսքանով ավարտեցինք Երևանի և Արարատյան դաշտի պատմական դերի մեր դիտարկումը՝ հնարավորինս մանրակրկիտ հետևելով, թե ինչպես աշխարհագրական և աշխարհաքաղաքական պայմանների փոփոխությամբ փոփոխվում էր նաև դրանց դերը: Մեզ կմնա հաջորդիվ միայն ամփոփել այս դերը՝ հասկանալու համար դրա ազդեցությունը ներկայի վրա:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am