Ադրբեջանում դեռ 90 քաղբանտարկյալ կա
Ադրբեջանում համաներման շրջանակում 15 քաղբանտարկյալների ազատ արձակվելու առնչությամբ տեղական և միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ այդ երկրի բանտերում դեռևս 90 քաղբանտարկյալ կա: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնն անհանգստություն է հայտնել ադրբեջանական բանտերում քաղբանտարկյալների իրավունքների խախտումների կապակցությամբ: Չնայած երկրից ելքի և մուտքի արգելքի վերացմանը, որոշ ՀԿ-ների ղեկավարների և ակտիվիստների նկատմամբ այն դեռևս ուժի մեջ է մնում: Դա մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական համաձայնագրի 2-րդ հոդվածի (ազատ տեղաշարժում) կոպիտ խախտում է: Ադրբեջանական բանտերում շարունակվում են բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:
