«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիային. Արթուր Դավթյանը որոշում է կայացրել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել: Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից։ «Նկատի ունենալով այն, որ Մերաբ Քալաշովը հետախուզվում է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, և առկա է նրա հանձնման մասին ՖՀ իրավասու մարմնի միջնորդությունը, դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Քալաշովին հանձնման նպատակով կալանավորելու մասին: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՖՀ իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ»,- հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: