Բելգրադում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի
Հազարավոր մարդիկ են մասնակցել ցույցին՝ Սերբիայում օբյեկտները ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից ռմբակոծելու 17-րդ տարելիցի կապակցությամբ՝ հայտնում է BBC-ն։ Ցույցի մասնակիցները հանդես են եկել ընդդեմ ՆԱՏՕ-ի կարգախոսներով։ Նշվում է, որ ռուսամետ ընդդիմադիր կուսակցություններն ուժեղացնում են եվրոպամետ կառավարության քննադատությունը ապրիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Բացի այդ, սերբ ազգայնականներին այս շաբաթ վրդովեցրել էր նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալի կայացրած վճիռը, որով բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը դատապարտվեց 40 տարվա ազատազրկման։ Մեկ ամիս առաջ Բելգրադում անցկացվել էր ցույց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման դեմ, որի համար հիմք էր ծառայել օրենքի ստորագրումը, որի համաձայն՝ ռազմական դաշինքը երկրում ազատ տեղաշարժման իրավունք է ստանում։
