Ինչու է Լավրովը մեկնում Բաքու

Առաջիկա օրերին կազմակերպվում է Ռուսաստան արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Կարող եմ ասել, որ նման այց նախապատրաստվում է, երբ ադրբեջանական կողմի հետ որոշվի ժամկետը, մենք կհայտարարենք և՛ այցի ժամկետի, և՛ բովանդակության մասին»: Զախարովան դեռ փետրվարին հայտնել էր Բաքվում Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում ծրագրվելու մասին: Նրա խոսքով` այդ հանդիպմանը պետք է քննարկվեն Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերը: Դրանից հետո Բաքու և Թեհրան էր ժամանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր հարցերը պետք է հանդիսանան Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերը: Օրեր առաջ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էր անդրադարձել Լավրովի առաջիկա այցին: Ի՞նչ են փորձելու քննարկել Մոսկվան ու Բաքուն այս փուլում: Նախ` Ադրբեջանը փորձում է հաշտեցնել Ռուսաստանին ու Թուրքիային: Մամեդյարովն անդրադարձել էր ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությանը և Բաքվի ու Մոսկվայի վրա դրա հնարավոր ազդեցությանը։ Նա չէր համաձայնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ազդել է ռուս-ադրբեջանական հարաբերություններիր վրա. «Չեմ կարծում։ Ադրբեջանը, որը նման բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ, ամենաշատն է շահագրգռված, որ ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջովին կարգավորվեն ամենակարճ ժամանակահատվածում»։ Պատասխանելով «Բաքուն իրեն տեսնո՞ւմ է միջնորդի դերում» հարցին՝ Մամեդյարովը նշել էր. «Միջնորդությունը հնչեղ է ասված։ Ամեն դեպքում, ես այդ հարցը քննարկում եմ ինչպես թուրք, այնպես էլ ռուս գործընկերների հետ։ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման չափազանց տհաճ միջադեպից հետո մենք Սերգեյ Լավրովի հետ քանիցս անդրադարձել ենք այդ թեմային։ Որքան շուտ տեղի ունենա ըմբռնում, այնքան լավ կլինի բոլորի համար»։ Հաջորդը թեման` տրանսպորտային ծրագրերի հեռանկարներն են: «Մենք քննարկելու ենք երկկողմ համագործակցության զարգացումը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Մենք պլանավորում ենք կենտրոնանալ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հեռանկարների վրա։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը նախատեսում է Հյուսիսային Եվրոպայի երկրների, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, ապա և Պակիստանի ու Հնդկաստանի երկաթուղիների միացում։ Ոչ վաղ անցյալում մենք վերադարձանք Իրանից, Թեհրանում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծի իրագործման հանդեպ», ասել էր Մամեդյարովը: Խոսելով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքից Հայաստանի դուրս մնալու մասին՝ Մամեդյարովն ասել էր. «Երևանն ինքը պետք է որոշի, թե ինչ ձևով կարող է մասնակցել դրան։ Սակայն եթե համեմատենք Հայաստանի ու Ադրբեջանի տրանսպորտային ու երկաթուղային ենթակառուցվածքները, ապա դրանց մակարդակները համեմատելի չեն։ Մեր երկաթուղին ձգվում է ընդհուպ մինչև Իրանի հետ սահման»։ Մինչև տարեվերջ կկառուցվի երկաթուղային կամուրջը, և տեղի կունենա երկաթուղիների միավորումը՝ դեպի Իրան ելքով։ Իրանական կողմը պլանավորում է առաջիկա երկու տարում ավարտել Ռեշտից (Իրան) մինչև Աստարա (Ադրբեջան) Կասպից ծովի ափով երկաթուղու կառուցումը։ Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությանն, ապա այստեղ թեև որոշակի հարցեր կային, բայց դրանք էլ լուծում են ստացել: Մամեդյարովը նույն հարցազրույցում նախ փաստել էր, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը, և որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Մոսկվայի և Բաքվի միջև գոյություն ունեն ֆինանսական չլուծված հարցեր՝ կապված ռուսական սպառազինություն գնելու պայմանագրերի հետ։ Ինչպես հայտնի է, ոչ վաղ անցյալում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր մեկնել: Մամեդյարովը բացել է փակագծերը. «Վճարումների հետ կապված որևէ խնդիր չկա, սխալ է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև այդ հարցում կան ֆինանսական չլուծված հարցեր։ Մենք ամեն բան վճարում ենք պայմանագրերին համապատասխան։ Կա դրանք օգտագործելու խնդիր, այն պլանում, որ Ադրբեջանի գնած սպառազինությունը պետք է համապատասխանի պայմանագրերում ֆիքսված տեխնիկական պարամետրերին։ Դմիտրի Ռոգոզինը ժամանել էր Բաքու, որպեսզի հասկանար, թե որն է այդ պարամետրերին առնչվող խնդիրը։ Նա ստացավ ամբողջական պարզաբանումներ, հարցեր չմնացին»։ Ահա, Բաքուն վստահեցնում է, որ խնդիրներ չունի նաև զենքի պայմանագրերի ֆինանսական աջակցության հետ, Ադրբեջանի համար գլխավորն այն է, որ «ապրանքը լինի պայմանավորվածությանը համապատասխան»։ «Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ուղղումներ մտցնել սպառազինության մի շարք կոնկրետ տեսակների տեխնիկական պարամետրերում։ Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ դա կարվի ամենամոտ ժամանակներս։ Ընդհանուր առմամբ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են կոմերցիոն սկզբունքներին համապատասխան և փոխշահավետ համագործակցության վրա», ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Հատկանշական է, որ պաշտոնական Բաքուն Լավրովի այցից առաջ հարկ համարեց պարզաբանել` Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի բողոքի նոտայի հետ կապված քայլը: «Դա իր տեսակի մեջ այդօրինակ առաջին նոտան չէր։ Ռուսաստանը մի կողմից հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ, մյուս կողմից էլ մենք ճանաչում ենք, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է սպառազինություն մատակարարել այն երկրին, որին նա անհրաժեշտ է համարում։ Նոտայի բովանդակությունը հանգում էր խնդրանքի, որ Հայաստանին սպառազինություն մատակարարող Ռուսաստանը հաշվի առնի, որ այդ սպառազինությունը չպետք է հայտնվի ադրբեջանական կորսված տարածքներում։ Նման մատակարարումների հարցում գոյություն ունի վերջնական օգտագործողի կանոնը։ Եթե վերջնական օգտատերը լիներ Հայաստանը, ապա հարցը դուրս չէր գա Երևանի ու Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ Իսկ ահա, երբ զենքը հայտնվում է Ադրբեջանի կորսված տարածքներում, դա ընդհանրապես այլ բան է», նշել էր Մամեդյարովը։ Այսպես, Բաքուն հիշեցնում է, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և այդ իսկ պատճառով, ըստ Ադրբեջանի իշխանությունների` ամբողջովին անտրամաբանական է «գրավյալ տարածքներում ռուսական զենքի առկայությունը»։ Ավելին` Բաքուն պարծենում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ում «ճիշտ են ընկալել» իրենց նոտայի ի հայտ գալը: Թամար Բագրատունի

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am