Մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու. Հակոբյանը՝ կառավարության ներկայացուցիչներին

2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց, թե մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու: Հարցին պատասխանեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ աղքատության կրճատման խնդիրը մշտապես եղել է հարցերի հարց: «Բայց Ձեր հարցը խորն է՝ ինչ չափով կնվազեցնի: Դա ենթադրում է, որ դեռ չենք հասել այդ աստիճանի՝ դատողություն անել և գնահատել, եթե Ձեզ հայտնի է, քննարկենք և գտնենք ճիշտ լուծումները»,- ասաց նա: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն էլ արձագանքեց, որ աղքատության հաղթահարումը հնարավոր է համալիր միջոցառումների և տարբեր պետական ծրագրերի իրականացման միջոցով: «Սկսած դպրոցական կրթությունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ լավ կրթված երեխան մեծ հնարավորություններ ունի հետագայում բարձր վաստակ ունենալու և աղքատության ճիրաններում չհայտնվելու, նաև առողջապահական համակարգ ունենալը, որ մարդը պետք է առողջ լինի, որ վաստակ ունենա, որ չհայտնվի նպաստառուների համակարգում: Ինչ վերաբերում է մեր տված միջոցներին, դա մեղմելու միջոց է, քան նպաստելու աղքատության կրճատմանը»,- ասաց նա: