Ինչ լուծում կստանա անցումային արդարադատության հարցը
Անցումային արդարադատությունը չի ենթադրում արտակարգ դատարանների ստեղծում, այն չի հակասելու ՀՀ սահմանադրությանը, Հայսստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով, անցումային արդարադատությունն ուղղված է լինելու ոչ թե պատժելուն, վրեժ լուծելուն, այլ ճիշտ հակառակը՝ ուղղված է լինելու հաշտեցմանը: Ինչպես ասաց` անցումային արդարադատության ողջ հայեցակարգն ի կատար ածելու համար անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն. «Եվ այդ ուղղությամբ, բնականաբար, անցկացվում են խորհրդակցություններ, ժողովներ, որոնց մասնակցում են նաև միջազգային փորձագետներ: Կատարվում են ուսումնասիրություններ, դեռևս այդ հայեցակարգը հանրությանը ներկայացնելը վաղաժամ է»: Զեյնալյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ անցումային արդարադատությունը չի ենթադրում արտակարգ դատարանների ստեղծում:
