Հայաստանը թեկնածուներ ունի. ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՀԱՊԿ քարտուղար առաջադրելու մասին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի ազատմանը: Հարցին, թե Հայաստանը կարողացե՞լ է պահպանել նոր գլխավոր քարտուղար առաջադրելու իրավունքը, Մնացականյանը պատասխանեց, որ օրակարգային քննարկվող հարցը դա է: Ինչպես ասաց` Հայաստանում բավարար ռեսուրս ունենք, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները։ Նախարարի պաշտոնակատարը չմանրամասնեց, թե ովքեր են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր թեկնածուները՝ նշելով, որ չի ցանկանում առաջ ընկնել գործընթացներից: «Հաշվի առեք, որ մենք խոսում ենք մի գործընթացի մասին, երբ մեկ տարուց ավելի է մնում այս ամենին, և մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել: Եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք մեզ մոտ, որ կարող թեկնածու ունենանք»,- ասաց նա: Խաչատուրովի լիազորությունների դադարեցման հարցով, Մնացականյանի խոսքով, նախաձեռնողը Հայաստանն էր:
